Երբևէ Ձեզ հետաքրքրել է, թե ինչից կամ երբ է սկսվել մարդկության պատմության մեջ ամբողջական ուժերով ստեղծված ամենամեծ ինֆորմացիոն բազան՝ ինտերնետը:
Իսկ ամեն ինչ սկսվեց 1957 թվականին, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշեց, որ անսպասելի սկսված պատերազմի ժամանակ իրենց պետք է ինֆորմացիայի փոխանակման ապահով համակարգ: Դրա համար առաջարկվեց մշակել համակարգչային ցանց: Այդպիսի ցանցի մշակումը հանձնարարվեց Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիական համալսարանին, Ստենդֆորդի հետազոտական կենտրոնին, Յուտայի համալսարանին և Սանտա Բարբարայում գտնվող Կալիֆորնիա նահանգի համալսարանին: Համակարգչային ցանցը անվանվեց ARPANET (անգլերեն՝ Advanced Research Projects Agency Network): Ծրագրի բոլոր ծախսերը հոգում էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
1969 թվականին ARPANET-ի շրջանակներում ցանցը միավորեց վերոնշյալ 4 գիտական կենտրոնները: ARPANET-ի առաջին սերվերը միացվեց 1969 թ.-ի սեպտեմբերի 2-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում: Honeywell DP-516 անվանումը կրող համակարգիչը ուներ ընդամենը 24 Kb օպերատիվ հիշողություն:
Վերջապես 1969 թ.-ի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ին, իրարից 640 կմ հեռավորության վրա գտնվող Կալիֆորնիական և Ստենդֆորդ համալսարանների միջև փորձարկեցին համակարգը: Չարլ Կլայնը փորձում էր ուղարկել սիմվոլները, իսկ նրա կոլեգան՝ Բիլ Դյուվալը, հեռախոսով հայտնում էր Չարլիին արդյունքները: Առաջին անգամ հաջողվեց ուղարկել «LOG» արտահայտությունը (ամբողջական բառը պետք է լիներ «LOGON» արտահայտությունը), որից հետո ցանցը խափանվեց: Խափանված ցանցը վերականգնվեց նույն օրը ժամը 22:30-ին, և երկրորդ փորձի ժամանակ հաջողվեց փոխանցել ողջ արտահայտությունը՝ «LOGON»-ը:
Հենց այդ օրն էլ (1969 թվականի հոկտեմբերի 29, ժամը 22:30) կարելի է համարել ինտերնետի ծննդյան օրը:
Ինտերնետը Հայաստանի Հանրապետություն մուտք գործեծ 1994 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել