Այսօր հանգստանում էի: Վերջին երկու ամիսներին ինֆորմացիան այնքան հագեցած էր` և՛ գիտական, և՛ զգացումային տեսակետից, որ երևի հոգնել էի… Արուսյակի հետ խոհանոցում ենք… Զբաղվել տնտեսությամբ և խոսել կյանքի ու աշխարհի, մեր գործերի ու ձգտումների մասին – հրաշալի ժամեր են դրանք:
Այնուհանդերձ, մի հրաշալի նյութ տվեցի նրան… Այդ նյութի մեջ բացված էր այն ողբերգական փաստի իմաստը, թե ինչու միջին դարերում ոչնչացրել են պայծառատես և իմաստուն կանանց` նրանց «վհուկ», «սատանայի ծառա» կոչելով: Խնդիրն այն է, որ քրիստոնեությունը ձևավորվեց որպես տղամարդկանց կրոն – նրա մեջ գերակշռում էին կնոջ ստորակայության գաղափարները: Եվ քրիստոնեական եկեղեցիները, հատկապես միջնադարյան Եվրոպայում, ոչնչացնում էին կանացի սկզբի փայլատակումները – Ժաննա դ’Արկի ողբերգությունը, հազարավոր այլ զոհեր: Այդ է պատճառը, որ քրիստոնեությունը եղավ ոչ հավասարակշիռ, կարեկցանքը պակաս կրոն – աշխարհի ներկա պառակտված վիճակի մեջ նա ունի իր դերը: Նա իր միջից, իր ընդերքից դուրս մղեց Մարիամ Մագդաղինացու քնքշությունը և կարեկցանքը…
Տղամարդու և կնոջ պատերազմը – քանի՜ հազարամյակ է արդեն… Ավելի ճիշտ` տղամարդու սանձազերծած պատերազմը կնոջ դեմ… Մի հայ տղամարդ, իր արևին յոգ` ասել էր – ես կնոջ ձեռքի հացը չեմ ուտում: Ա՜յ զահրումար, ուտես դու – որ կնոջ ձեռքի հացը չես ուտում` բա ի՞նչ ես ուտում… Մի տղամարդ էլ ասել էր– կնոջը լսիր ու հակառակն արա… Ա՜յ գլուխդ պատին տաս – որ կնոջ զգացածը, ապրածը աչքի չառնես` ի՞նչ արժե քո արածը… 
Խոսում էինք տղամարդ-կին պատերազմի մասին և դառնությամբ հիշում էինք իմ վարած պատերազմի մասին` Սիրելուս դեմ: Մենք անցել ենք այդ անարդարացի պատերազմի գրեթե բոլոր սցենարները – և երջանիկ եմ, որ Սիրելիս ՀԱՂԹԵԼ Է… Ինձ հաջողվեց պարտվել… Այդպիսի հաջողությունը հազվադեպ է տղամարդու համար – ասում եմ` հստակ ու անկեղծորեն:
Մի քիչ առաջ իրար հետ պատշգամբում էինք – աշնան ցուրտ կար: Սիրելուս տաք պարանոցին դիպա – ամա՜ռ էր… Նրա հպարտ պարանոցը խոնարհված չեմ տեսել տղամարդուս ճնշման հանդեպ – ոչ մի անգամ: Սիրելիս ՀԱՂԹԵԼ Է ինձ… Ուրեմն` ես էլ եմ ինձ հաղթել… Սա արդեն շատ լուրջ ձեռքբերում կլինի, եթե միայն պատրանք չլինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել