Ադրբեջանում կարծես թե շատ ցավոտ են տարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն անվտանգության երաշխիքներ չի ստացել և Բաքվում կայանալիք քիմիայի օլիմպիադային չի մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք: Հիշեցնեմ, որ երաշխիքների դեպքում մեր երեխաների հետ Բաքու էր գնալու նաև նախարար Աշոտյանը: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, և ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական քարոզչամեքենան լռեր, բայց նրանք ողջ օրվա ընթացքում ոչ միայն աբսուրդի հասնող հոդվածներ ու վայ-քաղաքագետների հետ հարցազրույցներ տարածեցին նախարարի հայտարարության մասին, այլև երեկոյան անցան ողջամտության սահմաններն ու մի քանի առաջատար կայքերով սկսեցին տարածել թեզ, թե իբր Աշոտյանը գիտեր, որ մեր երեխաները մրցանակային տեղեր չեն գրավի, ու մեր չգնալու պատճառն իրենց համար բացահայտված համարեցին: Հետաքրքիր է, որ ադրբեջանական մամուլն այդպես էլ դուխ չարեց փաստեր ներկայացնել հայ դպրոցականների մեդալների քանակի մասին, որտեղ պարզ երևում է, որ անցած տարի մեր երեխաներն ավելի շատ մեդալներ են բերել միջազգային օլիմպիադաներից, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին: Իհարկե, բավական բարձր տրամադրություն հաղորդեց ինձ հարևան երկրի մամուլի այսօրվա մոնիթորինգը, բայց մյուս կողմից էլ մեզ զրկեցին Բաքվից մեդալներ բերելու շատ իրական հնարավորությունից: Մնաց մյուս տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել