Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, եւ աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան: Հովհ. 1; 9-12 
«Տեսեք` ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց» Ա Հովհ. 3;1: 
Իր միտքը ընդհանրական իր առաջին թղթում շարունակում է Հովհաննես աստվածաբան առաքյալը: Նրա խոսքում պետք է կարեւորել գլխավորաբար երկու արտահայտություն` «յուրայիններ» եւ «Աստծո որդիներ»: Այս երկու արտահայտությունների մեջ առաքյալը խտացնում է Աստծո մարմնացյալ Խոսքի առաքելության ողջ իմաստն ու նպատակը: Հիսուս ուղղակի փաստն է այն ճշմարտության, որ կարդում ենք Սուրբ Գրքի առաջին էջերում.«Եւ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ»: Նա եկավ յուրայինների մոտ, ոչ թե պարզապես իր արարածների մոտ, այլ նրանց մոտ, ովքեր ճանաչում էին իրեն, եւ եթե անգամ կորցրել էին իրենց հոգու աստվածակերպությունը, ապա գոնե չէին մոռանում դրա երբեմնի գոյության մասին: Հիսուս` Աստծո Որդին, դարձավ մարդու Որդի` յուրային, մեկը մեզանից, որպեսզի մեզ, որ կընդունենք նրան որպես յուրային, դարձնի Աստծո որդիներ: Բայց մարդկային կյանքի ողբերգությունը նրանում է, որ ամեն ոք Հիսուսին որպես յուրային չի ընդունում եւ բնավ չի կարեւորում այն պատիվը, որ Աստված մեզ տվեց Հիսուսով: Մարդը որպես այդպիսին իրեն կարող է գտնել միայն Հիսուսի մեջ, իր կյանքը կարող է իմաստավորված համարել միայն Աստծուն իր սրտում ընդունելուց հետո: Իսկ ո՞վ է Հիսուս. Նա աշխարհի Լույսն է, արդարության Արեգակը, որ լուսավորում է Աստծո արդարությունը փնտրողների ճանապարհը եւ կուրացնում է «տեսնողների աչքերը»: Հիսուս եկավ, Նա հաղթահարեց այն անդունդը, որ գոյացել էր Աստծո եւ մարդու միջեւ, եւ շարունակ խորանում էր: Նա Իր Խաչով կամուրջ գցեց այդ անդնդի վրա, որով դեպի իրեն է կանչում իր յուրայիններին` մարդկանց, ու սպասում, թե երբ արդյոք մարդը կընդունի Իր հրավերը: Երբ մարդու մեջ իր մեղքերի անդունդի հանդեպ վախը կստորադասվի Խաչի փրկչական զորության հանդեպ հավատին ու վստահությանը, այդժամ մարդը համարձակություն կունենա անցնել կամրջի հակառակ կողմը: Հիսուս ասում է.«Ես եմ Սկիզբը եւ վախճանը»: Աշխարհը Նրանով եղավ, ու թեեւ Նրան չճանաչեց անգամ մարդկային կերպարանքի մեջ, ամեն դեպքում, Նրանով է հաստատ մնում: 
Կամրջի հակառակ կողմում Նա սպասում է մեզ: 
Հիսուս իր յուրայիններին` մարդկանց, ցանկանում է պատվել Աստծո որդիներ լինելու իշխանությամբ, Նա մարդուն առաջարկում է այն, ինչ նա չի կարող այլ տեղից կամ այլ կերպ ստանալ: Բայց նա այդ իշխանությունը տալիս է իր հանդեպ հավատի փոխարեն, այդ իշխանությունը կարող են բանեցնել միայն սուրբ սիրտ ունեցող եւ Աստծուն այնտեղ ընդունած հոգիները, եւ շատ բնական է, որ Աստծուն իրենց հակառակորդ հռչակողները եւ մերժողները զուրկ եւ անմասն լինեն Նրա սրբությունից եւ հավիտենական ներկայությունից, Նրան Հայր կոչելու իրավունքից եւ Նրա Որդին լինելու իշխանությունից: 

Լիլիթ Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել