Կարդում եմ Գյումրիում ռուս ծառայողի սպանության մանրամասները և ապշում, թե ինչքան ցած է գլորվել ռուսական բանակը։ Փոխանակ պահպանեն իրենց հարուստ ավանդույթները և ռուսական/խորհրդային բանակին մշտապես հատուկ եղած կարգապահությունը, ռուսները հասցրել են իրենց բանակը մի վիճակի, որը տիրում էր հայկական բանակում 90-ականներին, և որը մենք փայլուն կերպով հաղթահարեցինք։

Նոր կարդացի, որ ռուս զինծառայողին իր համածառայակիցը սպանել է նրա համար, որ սպանվածը «գործ է տվել» սպաներից մեկի համար, ով առանց այն էլ խիստ նկատողություն է ունեցել՝ ժամկետային զինծառայողներին ծեծելու համար, իսկ զոհվածի հաղորդումից հետո սկսված հետաքննությունն ամենայն հավանականությամբ հանգեցնելու էր նրան, որ այդ կապիտանին վռնդելու էին բանակից, ու նա խնդրել է իր ընկերոջը, որ վրեժ լուծի իր համար։

Ես չեմ հասկանում՝ մենք մեզ մոտ ռուսական ռազմաբազա՞ ենք պահում, թե՞ ռուսական ռազմականացված գաղութ-գժանոց, որտեղ սերիական մարդասպաններ ու դահիճներ են ծառայություն տանում։ Այս ի՞նչ բարդակ է։

Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է առավել ակտիվ դիրքորոշում գրավեն այս դեպքից հետո ու դադարեն այս կեցվածքը, որն ասես ասում է «Դուք՝ ձեր ներքին խնդիրները, լավ ա, որ մերոնցից մարդ չի մեռել, մնացածն էլ դուք որոշեք, թե ինչ անեք ու ինչպես»։ Կարծում եմ՝ պետք է ամենաբարձր մակարդակով հարց բարձրացվի Ռուսաստանի իշխանությունների առջև, որպեսզի Գյումրիի ռազմաբազա ուղարկվեն ամենակարգապահ ու պատրաստված ստորաբաժանումները, քանի որ դա բխում է առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերից, բայց մենք էլ դրանում պակաս շահագրգռված չենք։ Ի վերջո, մենք տարեկան 50 միլիոն դոլար են ծախսում այդ բազայի վրա, ու ամենևին ցանկություն չկա, որ այդ հսկայական միջոցները վատնվեն բաշիբոզուկների հրոսակախումբ պահելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել