Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում վրացական կողմին հայտնած զորակցության և առաջարկած աջակցության համար:
Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է. «Ստացել եմ աջակցության բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ հարևան երկրների վարչապետերից: Մեզ զանգահարել են Հայաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի վարչապետները: Նրանք պատրաստ են մեզ օգնել իրենց հնարավորության առավելագույն չափով: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»: 
Միևնույն ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջարկներ են եղել նաև այդ երկրների Արտակարգ իրավիճակների պետական կառույցներից, սակայն Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենց դեռ լիովին բավարար են սեփական մարդկային և տեխնիկական ռեսուրսները՝ իրավիճակը կարգավորելու համար:

Ղարիբաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել մարդկանց և կազմակերպություններին, ովքեր ֆինանսական աջակցություն են փորձում ցուցաբերել:

Հ.Գ. Ինչպես հայտարարել է ՀՀ կառավարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ակտիվ համագործակցության մեջ է վրացական կողմի հետ, և անհրաժեշտության դեպքում մերոնք կունենան առավելագույն մասնակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած արհավիրքի հետևանքները վերացնելու գործում:

Հուսանք, որ զոհերի թիվը չի ավելանա, իսկ Թբիլիսիի բնականոն կյանքը շուտով կվերականգնվի: Այս պահին, ի դեպ, արդեն հաղորդվում է 14 զոհվածների մասին, որոնցից երկուսը, դեռևս նախնական տվյալներով, ազգությամբ հայ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել