Վրաստանի վարչապետի կարգադրությամբ հունիսի 15-ը հայտարարվել է սգո օր: Անխոս, հայ ժողովուրդը ևս վշտակցում է մեր հարևաններին:
Այն, ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում, իրոք, ցավալի է: Շաբաթ գիշերը, դեռ քուն չմտած, քաղաքը բնակիչների համար առավոտյան արդեն վերածվել էր անծանոթ մի վայրի: 
Հորդառատ անձրևներին հաջորդած ջրհեղեղը սրբել, տարել էր Թբիլիսիի կենդանաբանական այգին և շրջակա տարածքը՝ իր ողջ ենթակառուցվածքներով, այնտեղ գտնվող մարդկանց և կենդանիների հետ միասին: Ավերվել էին բնակելի տներ, գազի խողովակներ, հոսանքալարեր, փակվել ճանապարհներ:

Արհավիրքի պատճառով վնասվել են տվյալ թաղամասում գտնվող 11 դպրոցներ: Բացի այդ, շուրջ 100 մարդ մնացել էր մեկուսացված վիճակում, նրանք դուրս են բերվել փրկարարական ուժերի կողմից ուղղաթիռների միջոցով: Ջուրը քշել, տարել էր շատերի մեքենաները: Ազատության մեջ հայտնված և ջրին զոհ չգնացած շուրջ 30 գիշատիչ կենդանիների մի մասը քնեցվել կամ վնասազերծվել է համապատասխան ծառայությունների կողմից: Որոշ կենդանիների անվտանգության նկատառումներով ոչնչացրել են: Թբիլիսիի կենդանաբանական այգին, փաստորեն, գրեթե ամբողջությամբ զրկվել է իր բնակիչներից:

Ջրհեղեղը, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով պատճառել է մոտ 40 մլն լարիի վնաս:

Ամենացավալին, թերևս, այն է, որ այդ աղետին դեռևս նախնական տվյալներով զոհ են գնացել 12 մարդ, 24-ն անհետ կորած են, կան բազմաթիվ վիրավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել