«Հաքքին.ազ»-ի պարզունակ քարոզչությունն արդեն վաղուց ուղղակի «ծիծաղաշարժ լրագրողություն» անվանակարգի դասական նմուշներից պետք է համարվի:

Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ գավառական մակարդակով աշխատող այս «պտուտակի» աշխատակիցներն ընկած հայաստանցի են փնտրում՝ հարցազրույց վերցնելու և հետո նյութում կամ դրա վերնագրում իրենց ուզածն ավելացնելու կամ արտահայտած մտքերն աղճատելու նպատակով, իսկ այդպիսին չլինելու դեպքում ուղղակի տուրք են տալիս սեփական երևակայությանը:

Վերջին օրինակը «Սպորտբոքս.ազ»-ից «Միհրան Հարությունյան. Ադրբեջանցիներ կան, որոնք Բաքվում ինձ լավ են վերաբերվում: Շնորհակալ եմ նրանց դրա համար» վերտառությամբ նյութի արտատպումն է, ինչի արդյունքում «Հաքքին.ազ»-ում արդեն ստացվել է, որ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն իբր հայտարարել է՝ «Ես երախտապարտ եմ ադրբեջանցիներին»:

Դե, ի՞նչ կարևոր է, Միհրան Հարությունյանը նման բան ասե՞լ է, թե՞ ոչ, կարևորն այն է, որ պետք է եղել նման մի բան հորինել, իսկ «Հաքքին.ազ»-ը մտացածին բարբաջանքներ տարածելու փորձված վարպետ է:

Այս համատեքստում լրագրողությունից հեռու ադրբեջանցի քարոզիչներին տեղին կլիներ հիշեցնել հենց ադրբեջանական հայտնի ասացվածքը՝ «Սովորելը որ նայելով լիներ, շունը վաղուց մսագործ էր դարձել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել