Արդեն մոտ երեք օր է՝ տարբեր լրատվամիջոցներով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը փաստացիորեն հերքում է իր ղեկավարի ավելի վաղ արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստան-Իրան երկաթուղին «պատի վրա ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան» է, արդեն իսկ պնդելով, որ աշխարհաքաղաքական առումով այս երկաթգծի կառուցումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Դե ինչ, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք, սակայն ակնհայտ է, որ հայտարարությունների բովանդակային նման կտրուկ տարբերությունը պայմանավորված է ոչ միայն ներռուսական հավանաբար «լուրջ զրույցով», ինչի արդյունքում չի բացառվում, որ «ՌԵ»-ն համապատասխան ցուցում ստացած լինի ճշգրտելու իր ղեկավարի նախկին դիրքորոշումը, այլ նաև հայկական կողմի ցուցաբերած ակտիվ ճնշման հետևանքով:

Այս համատեքստում ուրախալի է, որ հայ հասարակությունն՝ ի դեմս թե՛ պաշտոնական շրջանակների, թե՛ զանգվածային լրատվամիջոցների և թե՛ փորձագիտական հանրության, ոչ միայն ակտիվորեն անդրադարձավ խնդրին, այլ նաև հանդես եկավ փաստացիորեն միասնական դիրքորոշմամբ, ինչը, բնականաբար, չէր կարող անհետևանք մնալ:

Ասվածը մեկ անգամ ևս փաստում է, որ շատ դեպքերում մեզ համար վարքագծային բնույթ կրող «պատմական լացկանությանն» աստիճանաբար փոխարինելու են գալիս սեփական դիրքորոշումները և շահերը երբեմն նույնիսկ փոքր-ինչ կտրուկ, սակայն հստակ և հիմնավորված արտահայտելու մտայնությունը, հանգամանք, ինչը միանշանակորեն ավելի ընկալելի է լինելու և այս առումով նաև բնականաբար՝ ավելի արդյունավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել