2012թ. ապրիլի 28-ին Արագածոտնի մարզի քննչական բաժնում մարմնավաճառ Գայանե Սարիբեկյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Արթուր Վաչիկի Խաչատրյանը ձերբակալվել է: Երեք օր անց՝ 01.05.2012թ., Արթուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով:
2012թ. հոկտեմբերի 26-ին` Կալանքի երկարացման դատական նիստից երկու ժամ առաջ, Արթուր Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Կալանքի ժամկետի երկարացման դատական նիստի ժամանակ ապացուցվեց, որ բավարար ապացույցներ գոյություն չունեն Արթուր Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու առումով, այլև ընդհանրապես որևէ ապացույց գոյություն չունի: Հանգամանքները հիմք են հանդիսանում պնդելու, որ Արթուր Խաչատրյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է»:
Սակայն այդ մեղադրանքը հորինված է, և այդ մեղադրանքը հիմնավորելու համար չկա բավարար ապացույցների համակցություն, որը հնարավորություն կտա քննիչին նման ծանր մեղադրանք առաջադրել Արթուր Խաչատրյանին:
Իսկ այս անօրինականությունների շղթան կատարվում է դատախազության գիտությամբ, մասնավորապես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի, «Մարդու դեմ ուղղված հանցագործությունների» վարչության պետ Վ. Շահինյանի և դատվարական ղեկավարում իրականացնող դատախազ Ա. Մարուխյանի գիտությամբ և ուղղակի պահանջով, որպեսզի ամեն գնով թրաֆիկինգի մեղադրանք ներկայացվի և անմեղ անձանց ազատության հաշվին թրաֆիկինգի բացահայտման ցուցանիշ ապահովվի:
Իսկ որ դա արվում է անմեղ անձի ազատության հաշվին, դա որևէ մեկին չի հետաքրքրում: Ամենայն հավանականությամբ, ՀՀ գլխավոր դատախազին զեկուցվում են սխալ և գործի նյութերից չբխող տեղեկություններ, այլապես չէին կարող նման աղաղակող անօրինականություններ տեղի ունենալ` ՀՀ գլխավոր դատախազի գիտությամբ:
Դատախազության այս գործելաոճը գալիս է դատական իշխանության թուլությունից, քանի որ դատախազությունը համոզված է, որ անկախ նրանից մեղադրանքը հիմնավոր է, թե անհիմն, եթե մեղադրանքը առաջադրվել է, ուրեմն որևէ դատավոր չի կարող հակառակվել դատախազությանը, այն էլ թրաֆիկինգի մեղադրանքով: Քրեադատավարական համակարգի ամբողջ խնդիրները, այդ թվում և ՀՀ Նախագահի կողմից իրավացիորեն հնչեցված գնահատականների հիմնական պատճառը, դատական համակարգի թուլության մեջ է: Որևէ քննիչ չի մտածում, որ կալանավորում կիրառելու միջնորդությունը պատշաճ և օրենքի տառին համապառասխան քննության կենթարկվի դատավորի կողմից և չի մտածում, որ հանկարծ կարող է անհիմն լինելու պատճառով մերժվել: Բոլորի համար պարզ է, որ անկախ ամեն ինչից՝ դատավորը պետք է բավարարի կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը, այլապես կարող է դա շատ թանկ արժենալ դատավորի համար: Նույն տրամաբանությամբ էլ հաջորդում են դատավարության մնացած փուլերը, այսինքն՝ դատախազի համոզվածությունը, որ անկախ ամեն ինչից, թեկուզև բացարձակ անհիմն մեղադրանք լինելու հանգամանքից, միևնույն է ինքը կստանա մեղադրական դատավճիռ, հենց այս մթնոլորտի արդյունքում է, որ Արթուր Խաչատրյանին առաջադրվել է անօրինական մեղադրանքներ, և շարունակաբար խորացվում է այդ անօրինականությունների շղթան՝ հույս ունենալով, որ դատարանը ևս կնպաստի այս անօրինականություններին:
2012թ. հոկտեմբերի 26-ին Արթուր Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով, որը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և դատական նիստը նշանակվել է 2012թ. նոյեմբերի 8-ին:
Մնում է հուսալ, որ ՀՀ գլխավոր դատախազին այսուհետ կզեկուցվի այսօրինակ այլանդակությունների մասին, և կլուծվեն բոլոր խնդիրները օրենքի տառին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել