Վրաստանում մեկ ամիս առաջ նոր կառավարություն ձևավորվեց, նոր դեմքեր հայտնվեցին գործադիրի կազմում, վարչապետի փոփոխություն, սակայն, տեղի չունեցավ: Ի սկզբանե Կառավարության ներկայացրած ծրագրերով պետք է ապահովեր տարեկան 5%-անոց տնտեսական աճ: Ներկայում գործադիրը հույս ունի տնտեսական աճի ցուցանիշները հասցնել 3-4%-ի, Կառավարությունը նույնիսկ որոշել է ընթացիկ տարվա բյուջեյում կրճատումներ անել: Սակայն ընթացիկ զարգացումներն ու ոլորտին ծանոթ մասնագետների հաշվարկներն, արդեն իսկ հիմք են տալիս ենթադրելու, որ, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճ կապահովվի առավելագույնը մինչև 1-1,5 %-ի չափով:

Անխոս, արտաքին մի շարք անբարենպաստ գործոններով պայմանավորված, Կառավարության համար խոչընդոտներ են առաջանում նախանշված արդյունքը ամբողջությամբ ստանալու համար, բայց իհարկե կան նաև ներքին խնդիրներ, որոնք ևս իրենց դերն են ունենում Վրաստանի տնտեսության զարգացումը արգելակելու հարցում: Մասնավորապես այն ներքաղաքական լարված մթնոլորտը, որը տիրում է քաղաքական դաշտում՝ լինի Ազգային ժողովում, թե դրանից դուրս, այդ թվում նաև գործող քաղաքական ուժերի ներսում. թիմակիցների միջև առկա անհամաձայնություններ, տարաձայնություններ, քննադատութոյւններ և այլն: Չմոռանանք նաև նախագահ Մարգվելաշվիլիի և վարչապետ Ղարիբաշվիլիի միջև հաստատված ոչ բարիդրացիական հարաբերությունների մասին: Գործող իշխանությունների կողմից նախկին պաշտոնյաների նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մասին ընդդիմության կողմից մշտապես բարձրաձայնվող հարցերը:

Տրամաբանական է, որ նման մթնոլորտում օտարերկրյա ներդրողները Վրաստանում բիզնես հիմնելու իրենց նպատակադրվածությունից հաճախ հրաժարվում են, և դեռ 2012թ.-ի իշխանափոխությունից հետո ծնված այդ տենդենցը շարունակում է պահպանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել