Տարիներ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կառավարության գործունեության թափանցիկություն և հրապարակայնություն ապահովելու նախկին վարչապետի հորդորին արձագանքեց բավականին ինքնատիպ, թափանցիկությունը համեմատելով կարճազգեստ օրիորդի ազդրերի հետ, որտեղ ամեն ինչ երևում է, բացի ամենագլխավորը:

Հիմա ճիշտ նման վիճակում է հայտնվել Ռոբերտ Նազարյանը, որն էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ-ի հայտի մեջ ամեն ինչ տեսնում է՝ շռայլ ծախսեր, պետգնումների ուռճացված գներ և այլն, բայց չի տեսնում ամենագլխավորը՝ համակարգում տիրող անտնտեսվարությունն ու համատարած գողությունը, ինչի հետևանքով կորուստները գերազանցում են բոլոր ողջամիտ սահմանները:

Եթե կարճազգեստ օրիորդի գլխավոր բարեմասնությունը տեսնելու Ռոբերտ Նազարյանի անկարողությունից հայ հասարակությունը ոչինչ չի կորցնում, գուցե նաև շահում է, ապա ՀԷՑ-ում կատարվող գողությունները չտեսնելու անկարողությունից կամ ցանկության բացակայությունից ստիպված է վճարել բավականին տպավորիչ գումար:

Որոշ լրատվամիջոցներների տեղեկացմամբ Ռոբերտ Նազարյանի կարճատեսության պատճառը երևակայության բացակայությունը չէ: Ասում են, որ նա քավոր-սանիկական լուրջ հարաբերություններ ունի էլցանցերում ատկատի գործն իրականացնող պաշտոնատար անձանցից մեկի հետ, և չի բացառվում , որ էլցանցերի ստվերային եկամուտների փողաբեր «ֆազերից» մեկով սնուցվում է հենց Ռոբերտ Նազարյանի գրպանը:

Այսքանից հետո բնական հարց է առաջանում. կարելի՞ է արդյոք հանրային ծառայությունները սպասարկող հանձնաժողովի նախագահությունը վստահել մի մարդու, որը սեփական գրպանը գերադասում է հանրային շահին:

Հ.Գ. Կա մարդկանց մի տեսակ, ում ավելի շատ է մտահոգում Ձեր գրպանների դատարկությունը: Դրանք գրպանահատներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել