Անցած շաբաթ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ֆինանսների նախարարին հանձնարարել էր կառավարության այսօրվա նիստում ներկայացնել սրբագրված պետբյուջեի վերջնական տարբերակը: Սովորական լեզվով ասած` խոսքը վերաբերում է բյուջեի մի շարք հոդվածների ֆինանսավորման կրճատմանը: Ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի խոսքով կրճատումը չի վերաբերում սոցիալական, օրինակ` առողջապահության նախարարության ծրագրերից և ոչ մեկին. նվազեցվել են վարչական և ընթացիկ ծախսերը:

Երկրի տնտեսությունում ստեղծված վիճակը ֆիննախի ղեկավարը բացատրել է արտաքին գործոններով. «Հենց արտաքին գործոններով է պայմանավորված արտահանման և ներդրումների կրճատումը: Վրաստանի տնտեսության վրա ազդել են տարածաշրջանի գործընթացները, ինչը նշում են նաև իրավիճակն անաչառ գնահատող միջազգային կազմակերպությունները: Եթե դուք դիտարկեք, մասնավորապես, մեր հարևան երկրներում ստեղծված դրությունը փոխարժեքի և տնտեսական աճի տեսանկյունից, ապա կտեսնեք, որ Վրաստանում, չնայած և մենք գոհ չենք ներկա իրողությունից, մյուսների համեմատ վիճակը լավ է»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Նոդար Խադուրին` այդպես էլ չճշտելով, թե որ հարևաններին նկատի ունի:

«Վրաստանի նորություններ» գործակալության թղթակից, փորձագետ և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլին իր հերթին անհրաժեշտ է համարել կառավարության վերակառուցումը. «Եթե դա չարվի, ապա իշխանությունը լուրջ խնդիրներ կունենա, և դրանք հրաժարականով չեն լուծվի,- ասել է նա:- Պետք է ոչ թե երեք նախարար փոխել, այլ կառավարման սկզբունքները, այդ թվում` անհատներին»: Խուխաշվիլին ափսոսանքով նշել է, որ կառավարության ներկայիս ղեկավարն այդպես էլ համազգային մեծության առաջնորդ չդարձավ, և նա ոչ մի հեռանկար չունի:

Իվանիշվիլիի նախկին խորհրդականը նաև չի բացառել, որ եթե երկիրը հայտնվի տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, ապա միլիարդատերը կարող է քաղաքականություն վերադառնալ: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ըստ երևույթին, համաձայն չէ փորձագետի կանխատեսմանը: Նա մտադիր է վաղը ևեթ մեկնել Բաքու` մասնակցելու Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել