Աշխարհի արարման ժամանակ Աստված ստեղծեց կովին և ասաց նրան.
– Դու ողջ օրը կանցկացնես դաշտում, կաթ կտաս, կկերակրես քո հորթերին և ֆերմերի ընտանիքին։ Դրա համար ես քեզ տալիս եմ 60 տարվա կյանք։
–Այդպիսի դժոխային կյանքի համար 60 տարին ի՞նչ եմ անում,– վրդովվեց կովը,– ինձ քսանն էլ հերիք է, մնացած 40–ը պահիր քեզ։
Եվ Աստված համաձայնվեց։ Հաջորդ օրը նա ստեղծեց շանը և ասաց.
–Դու ողջ օրը կնստես քո տան դռան դիմաց և կհաչես անցորդների վրա։ Դրա համար քեզ 20 տարվա կյանք եմ տալիս։
–Հմ՜, հաչալու համար մի քիչ շատ է,– մտահոգվեց շունը,– ինձ 10 տարին էլ հերիք է։ Մնացածը կարող ես քեզ պահել։
Եվ Աստված կրկին համաձայնվեց: Վերջապես եկավ մարդուն ստեղծելու օրը.
-Դու կուտես, կզվարճանաս, կվայելես կյանքը, բայց դա կտևի ընդամենը 20 տարի։
Մարդը վրդովվեց.
–Ի՞նչ, ընդամենը քսա՞ն։ Գիտե՞ս ինչ, Աստված, ես կվերցնեմ իմ 20–ը, հետո կովի 40 տարին, որը նա քեզ վերադարձեց, ու ևս 10 տարի, որը վերադարձրեց շունը։ 70 տարին ինձ լիովին հերիքում է, պայմանավորվեցի՞նք։
–Թող լինի քո ուզածով,– հոգոց հանեց Աստված։
Հենց այդպես էլ դասավորվեց. առաջին 20 տարին մենք ուտում ենք, քնում և զվարճանում, հաջորդ 40 տարին` աշխատում, որպեսզի կերակրենք մեր ընտանիքին, իսկ վերջին 10 տարին` նստում ենք տան դռան դիմաց և «հաչում» բոլոր անցորդների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել