Եթե փորձենք ամենասեղմ ձևով ներկայացնել «Հոգեբանություն» գիտության էությունը, ապա սա այն գիտությունն է, որը զբաղվում է մարդու հոգեկանի ուսումնասիրությամբ և ելնելով ստացված տվյալներից՝ անձի մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմամբ: Այդ խնդիրները հաճախ կարող են չգիտակցվել կամ գիտակցվել մասամբ՝ իրենց առկայությամբ արդեն իսկ խանգարելով անձի գործունեությանը կամ առաջ բերելով հարցեր, որոնց պատասխանը մարդն ինքնուրույն չի կարողանում գտնել:
Խնդիրներ ունեն շատերը, սակայն այն կենցաղային մոտեցումը թե «ես այսինչ ձևով եմ լուծել իմ խնդիրը, դու էլ այդպես վարվիր և այն կլուծվի» շատ թերի է և ոչ նպատակահարմար… Մտածում եք՝ ինչու՞… Պատճառն այն է, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, ծնվել ենք տարբեր ընտանիքներում, ստացել ենք յուրովի դաստիարակություն, ձեռք ենք բերել տարբեր սոցիալական փորձ, մտածում ենք յուրովի, գործում ենք յուրովի, այն է` ունենք անձնային առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն մեզ: Ելնելով ասվածից՝ կարևորում եմ առանձնացնել, որ մենք ենք պատասխանատու մեր մտքերի և մեր գործած արարքների համար: Սա նշանակում է, որ միևնույն արարքը տարբեր մարդկանց պարագայում տարբեր հետևանքներ կարող է ունենալ, այդ պատճառով նախևառաջ անհրաժեշտ է լսել սեփական ԵՍ-ի ձայնը և կյանքի իրավիճակներում կողմնորոշվել ըստ սեփական փորձի և անձնային առանձնահատկությունների:
Հոգեբաններն օգնում են մարդկանց ճանաչել սեփական անձը և վարքի ընտրության բազմաթիվ տարբերակներից գտնել այն մեկը կամ մի քանիսը, որոնք արդյունավետ են հենց իրենց համար, տվյալ պայմաններում և տվյալ իրավիճակում` ելնելով իրենց իսկ անձնային առանձնահատկություններից:
Հոգեբույժներն այն մասնագետներն են, ովքեր աշխատում են հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց հետ և բուժումն իրականացնում են հիմնականում դեղամիջոցներով:
Այսպիսով, հարգելի ընթերցող, այժմ ԴՈՒ գիտես, թե ովքեր են հոգեբանները` մասնագետներ, որոնց նպատակը մարդուն օգնելն է` չվնասելով նրա անձը և նպաստելով առավել ինքնուրույն, ճկուն և արդյունավետ աշխարհայացքի ձևավորմանը, աջակցելը` լուծելու խնդիրը իր իսկ արժեքային համակարգի շրջանակներում:


«Աշխարհը նույնն է, աշխարհայացքներն են տարբեր»:

Արևիկ Ավագյանց
Աղբյուրը` http://hogebanutyun.blogspot.com/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել