Երբ Ռոբերտ Նազարյանը Սաթիկ Սեյրանյանի մոտ, անմեղության դրոշմը դեմքին, հայտնում էր, որ իրենք անձնուրաց կերպով 0 են հաշվել ՀԷՑ-ի վնասների մեծ մասը, բայց հոսանքը պետք է թանկանա, որովհետև էներգետիկ համակարգն է 37 միլիարդի վնաս կուտակել, հավանաբար նա հույս ուներ, որ մարդիկ կհավատան, որ այդ չարաբաստիկ ԷԹներգետիկ համակարգն ավելի մաքուր ու ավելի ազգանվեր է, քան ՀԷՑ-ը, ու էդ 37 միլիարդը բացառապես սակավաջրության ու այլ օբյեկտիվ հանգամանքների երեսից է գոյացել։

Բնականաբար, իմանալով մերոնց, միայն միամիտները կարող էին նման եզրահանգման գալ, ու արդեն մի քանի օր հետո սկսեցին նոր հանգամանքներ ջրի երես գալ, որոնցից ակնհայտ է դառնում, որ Բիբինի կողքին հրապարակում պետք է կախել նաև մեր հայրենասեր էներգետիկ համակարգի ու կառավարության մի շարք ներկայացուցիչների։

Դուք, օրինակ, գիտեի՞ք, որ «Որոտանի կասկադի» գործունեությունից ստացված գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն ու ոչ ավել, ոչ պակաս՝ 1.5 միլիարդ դրամով։ Որքանով ինձ թույլ են տալիս իմ աշխարհագրական գիտելիքները, տարատեսակ ՓԲԸ-ներին ֆինանսավորելը չի մտնում սակավաջրությունից առաջացող խնդիրների ցանկի մեջ, մինչդեռ այս մեկուկես միլիարդը վստահաբար մտնում է ընդհանուր 37 միլիարդի մեջ։

Հիմա հարց է առաջանում. քանի՞ նման «սակավաջրության խնդիրներ» կպարզվեն առաջիկայում, ու 37 միլիարդից, այնուամենայնիվ, քանի՞ միլիարդն է ՀԷՑ-ավարի ապաշքյարա քամուն տրվել, իսկ քանի միլիարդն է օբյեկտիվ պատճառներով գոյացել։ Այ երբ այս հարցերին սպառիչ ու ազնիվ պատասխան տրվի, նոր հնարավոր կլինի քննարկել թանկացնել-չթանկացնելու հարցը, իսկ մինչ դա 6.93 անգամ ղալլաթ եք արել, եթե հավատացել եք, որ ձեր կերած փողերը մենք պետք է փակենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել