Դեռևս 19-րդ դարում հայտնի ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը իր հայտնի «Պղնձե հեծյալը» ստեղծագործության մեջ Սանկտ-Պետերբուրգի հիմնադրումը բնորոշում էր «դեպի Եվրոպա պատուհան բացել» պատկերավոր դարձվածքով:

Երեկ՝ Պուշկինից գրեթե երկու հարյուր տարի անց, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը ոչ պակաս «պոետիկ» կերպով համարել է «պատի վրա ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան»:

Նախ՝ թեկուզ հպանցիկ հայացքը քարտեզին միանգամից ցրում է այս նախագծի վերաբերյալ «պատին նայող պատուհանի» կարծրատիպը, քանի որ, մեղմ ասած, շատ վառ երևակայություն է պետք համաշխարհային առումով հսկայական աշխարհաքաղաքական և տնտեսական կարևորություն ունեցող Մերձավոր Արևելքն ու հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանը «պատի» կարգավիճակում պատկերացնելու համար, իսկ երկրորդը՝ այդ երկաթգիծն ուղղակի անիմաստ է դարձնելու մեթոդաբար Հայաստանը «պատին սեղմելուն» ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակման քաղաքականությունը, այն վերջնականապես ի ցույց դնելով որպես սնանկ և անարդյունավետ քայլերի շարան:

Իսկ եթե խնդրին մոտենանք հենց նույն «պոետիկ» ելակետից, ապա մեր տարածաշրջանի շինարարական ավանդույթին պատուհանից առավել հատուկ էր երդիկը, որը ոչ միայն ծխատար էր, ալլև ապահովում էր նաև տան համար անհրաժեշտ թթվածին և լուսավորություն, այնպես որ՝ Հայաստան-Իրան երկաթուղին միանշանակորեն պետք է կառուցվի, եթե այն նույնիսկ դեպի երկինք նայող «երդիկ» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել