Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակակից աշխարհի տրանսպորտային հաղորդակցության գլխավոր միջոցներից մեկն է, ավելին՝ շատ հաճախ երկաթուղիների առկայությունն ունի ստրատեգիական նշանակություն և կարող է կատարել տարածաշրջանային հաղորդակցության զարկերակի դեր:

Նույնպիսի դեր կարող է ստանձնել Իրան-Հայաստան երկաթուղին, որը հնարավորություն է տալիս երկաթուղային միջանցքով կապել ոչ միայն Իրանը և Հայաստանը, այլ նաև Իրանն ու Վրաստանը: Ի դեպ, երկաթուղու կառուցումից հետո այն կարող է առավել ընդգրկուն դերակատարություն ստանձնել՝ կապելով Ռուսաստանն Իրանի հետ, այլ կերպ ասած՝ ԵՏՄ երկրներին Իրանի հետ: Իսկ եթե ավելի հեռուն նայենք, ապա այն կարող է դառնալ «Մեծ մետաքսի ճանապարհի» բաղկացուցիչ մասը՝ ամենակարճ երկաթուղային ուղով կապելով Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ:

Կարող ենք նշել, որ երկաթուղու ռազմավարական կարևոր նշանակությունից բացի՝ այն կարող է լինել բեռների փոխադրման ավելի էժան և հարմարավետ միջոց:
Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է: Երկաթուղին պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է դեռևս 2013թ.-ի սկզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի 64 կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայաններ:

Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ, և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ:
Գագարին կայանից (ՀՀ Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) երթուղով բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։

Ինչ վերաբերում է նախագծի հատուցվողականությանը, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ երկաթուղու` տարեկան նույնիսկ 15-18 մլն տոննա առավելագույն բեռնվածության դեպքում այն կարող է բավականին փոխհատուցելի լինել։ Ինչ վերաբերում է երկաթուղու ուղևորափոխադրմանը, ապա այն կարող է ունենալ 1.2 մլն-ի կարգի ուղևորափոխադրման մակարդակ:

Այսպիսով այն մոտավոր վերլուծությունները և հաշվարկները, թե երկաթուղու կառուցումը փոխհատուցելի չէ և չափազանց ծախսատար է և աննպատակահարմար, թերի են: Այս առումով հատկանշական է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը զուրկ է արդյունավետությունից և համապատասխանաբար նաև հեռանկարներից: Նա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նույնիսկ համեմատել է պատուհանի հետ, որը բացվում է դեպի հարևանի տան պատը:

Սակայն փաստենք, որ հենց նույն Վլադիմիր Յակունինն ուղիղ մեկ տարի առաջ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:

Վ. Յակունինի վերջին հայտարարությունը խոսում է միայն այն մասին, որ նա անլուրջ և անսկզբունքային մոտեցում է ցուցաբերում հեռանկարային երկաթուղային նախագծի նկատմամբ: Իսկ այդպիսի մոտեցումն ունեցող պաշտոնյայի պաշտոնավարումը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի պաշտոնում դառնում է աննպատակահարմար, քանի որ նոր երկաթուղային միջանցքի կառուցման խոչնդոտումը չի բխում առաջին հերթին հենց ռուսական երկաթուղային ընկերության շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել