Շարունակ լսում ու կարդում ենք՝  ես ատում եմ այսինչին, ես ատում եմ այնինչին: Ինչո՞ւ, որովհետև մենք չունենք մերը, մերը շատ վատն է ու տխուր: Չենք կարողանում նորը ստեղծել, որովհետև չգիտենք ձևն ու չենք էլ ուզում սովորել անողներից: Աշխարհում ունենք միայն ՄԵԿ ԲԱՐԵԿԱՄ, այն էլ տեսնում ենք, որ մեր թշնամու բարեկամը դուրս եկավ և պատմության մեջ այս էլ որերրորդ անգամ թողեց մեզ երեսն ի վայր ու լքեց ճակատագրական պահին: Չունենք ուրիշ բարեկամ, որովհետև ատում ենք բոլորին, ամբողջ աշխարհին: Ատում ենք պետություններին ու ժողովրդներին, որովհետև նրանք չեն գալիս ու մեզ փրկում: Ատում ենք անհատներին, որովհետև հաճախ նրանց արածները մեզ հասու չեն, մենք զրկված ենք դրանք անելու հնարավորություններից, բնականաբար նախանձում ենք կամ չենք հասկանում:
Աջ ու ձախ ատելը մեր անճարակությունից է գալիս: Աշխարհն ընթանում է իր բնականոն հունով և «գրաֆիկով»: Այդ մենք ենք, որ նրան մաս չենք կազմում, դուրս ենք թռել ուղեծրից: Որքան շատ ատենք, այնքան կհեռանանք, որքան շատ հեռանանք, այնքան դժվար կլինի մոտենալը, ինտեգրվելը: Եթե բոլորն իմանային, թե մենք որքա՜ն ենք ատում բոլորին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան կխղճային մեզ: Լավ է, որ գրեթե գաղափար չունեն մեր գոյության մասին, և ամեն մեկն ընկած է իր գործին: Որքան շատ ատենք, այնքան կյանքը կիմաստազրկվի մեզ համար: Մեր ատելության պատճառները մեր մեջ պետք է փնտրենք, իսկ երբ ատելությունը դառնում է «ազգային սովորույթ», սկսում ենք արդեն իրար ատել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել