Hetq.am-ը գրում է.

Նախորդ հրապարակումներից մեկում «Հետքն» անդրադարձել էՀայաստանում օտարերկրյա ներդրումներին։ Նշել էինք, որ փոխվել է դրանց հաշվարկման մեթոդաբանությունը, որն էլ որոշ հարցեր է առաջացրել։ Մասնավորապես, այն որ Հայաստանում օտարերկրյա ընդհանուր ներդրումների ծավալը որոշ դեպքերում զիջում էր ուղղակի ներդրումների ծավալին այն դեպքում, երբ վերջինը ներառվում է ընդհանուրի մեջ։  

Նշվածի վերաբերյալ «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ) տեղեկացրին, որ ընդամենը ներդրումներն ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումների հանրագումարն է: Ընդ որում, այլ ներդրումները, որոնք ներառում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք ու ստացվելիք գումարները, ստացված ու տրված կանխավճարները, գործնականում կարող են արտահայտված լինել այնպիսի բացասական մեծությամբ (ստացումների և մարումների տարբերության հաշվին), որի արդյունքում ընդամենը ներդրումների հանրագումարը կստացվի ավելի փոքր, քան ուղղակի ներդրումների: «Այսպես օրինակ՝ կազմակերպությունը կատարել է ուղղակի ներդրումներ 300 միավոր, պորտֆելային ներդրումներ՝ 100 միավոր և այլ ներդրումներ՝ -200 միավոր: Արդյունքում՝ ընդամենը ներդրումները հավասար կլինեն՝ 300+100+(-200)=200, որից ուղղակի ներդրումները՝ 300 են»,- բացատրվում է պարզաբանման մեջ։  

Այսինքն՝ սա է պատճառը, որ Ռուսաստանն, օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում 13,38 մլրդ դրամի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից 16,87 մլրդ դրամը՝ ուղղակի ներդրումներն են։  

Արդեն նշել ենք, որ 2015 թվականի հունվար-մարտի դրությամբ Հայաստանում կատարած օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջատարներ վեց երկրներն են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Կիպրոսն ու Սեյշելները։ 

Իսկ ընդամենը ներդրումների պարագայում պատկերն այլ է։ Ծավալներով առաջատար  են Ռուսաստանը, Նիդերլանդները, ԱՄԷ-ն, Վիրջինյան կղզիները, Կիպրոսն ու Ֆրանսիան։ 

Վիճակագրական ծառայությունը նոր մեթոդաբանությամբ դեռևս ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի համեմատությունը 2014-ի առաջին եռամսյակի հետ։ Դրանից պարզ է դառնում, որ Ռուսաստանը մեկ տարում 34,57 մլրդ դրամով նվազեցրել է ընդամենը ներդրումների ծավալը Հայաստանում, Կիպրոսը՝ 2,79  մլրդ դրամով, Միացյալ Թագավորությունը՝ 6,26 մլրդ դրամով։ 

Իսկ Նիդերլանդներն ավելացրել է 8,11 մլրդ դրամով, ԱՄԷ-ն՝ 8,52 մլրդ դրամով, Բրիտանական Վիրջինյան կղզիները՝ 1 մլրդ դրամով,  Ֆրանսիան՝ 3,55 մլրդ դրամով, Շվեյցարիան՝ 1,17 մլրդ դրամով, Սեյշելները՝ 1,16 մլրդ դրամով,  Արգենտինան՝ -13,61 մլրդ դրամից հասցրել է 3 մլրդ դրամի, այսինքն՝ ավելացրել է 16,64 մլրդ դրամ, Լյուքսեմբուրգը՝ -3,23 մլրդ դրամից հասցրել է 1,4 մլրդ դրամի։ 

Այս ամենի արդյունքում ստացվել է այնպես, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ընդամենը ներդրումները կազմել են 60,17 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 35,29 մլրդ դրամ։ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը ներդրումներն աճել են  858 մլն դրամով, իսկ ուղղակի ներդրումները մոտ երկու անգամ կրճատվել են՝ նվազելով 34,32 մլրդ դրամով։ Սա նշանակում է, որ Հայաստանի ներդրումային միջավայրի վիճակը վատթարացել է, քանի որ ուղղակի ներդրումների դերն այս դեպքում ավելի կարևոր է, քան ընդամենը ներդրումներինը։ Ավելի պարզ ասած՝ Հայաստանի համար առավել ձեռնտու կլիներ, որ ավելանային ուղղակի ներդրումները, այլ ոչ թե՝ ընդամենը։ Օրինակ, եթե օտարերկրացին այստեղ բիզնես համալիր է գնում, դա չի նշանակում, որ նա ուղղակի ներդրում է արել, նա գնել է արդեն իսկ «պատրաստի ապրանքը» և լրացուցիչ ծախսեր չի արել այստեղ այդ համալիրը կառուցելու համար, իսկ ուղղակի ներդրման դեպքում նա ոչ թե գնում, այլ՝ կառուցում է այդ համալիրը զորայից։ Այս դեպքում այստեղ նրա ներդրած գումարը, որպես կանոն, ավելի մեծ է լինում։ Յուրաքանչյուր նոր ներդրումային նախաձեռնություն՝ զրոյից հիմնված  նոր արտադրամաս, տեխնոլոգիական նոր ընկերություն և այլն, տնտեսության տվյալ ճյուղը զարգացնելու խթան է։  

Օտարերկրյա ընդամենը ներդրումների ամենամեծ ծավալն Հայաստանում ուղղվել է հիմնային մետաղների արտադրության ոլորտ՝ 27,73%-ը, որի հիմնական ներդրողներն են Գերմանիան, Կիպրոսն ու Ռուսաստանը։ 21,2%-ն ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ (Նիդերլանդներ, Կիպրոս), 20,37%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ (Ռուսաստան), 14,11%-ը ՝ մանրածախ առևտրի (ԱՄԷ), 10,16%-ը ՝ շենքերի շինարարության (Վիրջինյան կղզիներ), մնացածն՝ այլ ոլորտներ (88 ոլորտ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել