Ժամանակակից մարդը քիչ է շարժվում։ Նստակյաց կյանքը և բավարար քանակի ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը մարդու գիրացման հիմնական պատճառներն են և նրանք վատորակ սննդամթերքի զուգակցմամբ մարդուն չափից ավելի գիրացնում են ու նույնիսկ կարող են հասցնել մահվան դուռը։

Գիտակից մարդն աշխատում է սահմանափակել սննդամթերքի իր օգտագործման օրական չափաբաժինը և զբաղվել մարմնամարզությամբ, որպեսզի խուսափի հավելյալ գիրացումից և հետևաբար նաև նրա ծանր հետևանքներից։

Բերեմ մի այսպիսի զարմանալի օրինակ իմ սեփական կենսափորձից։ 1,5 կմ քայլելիս 5 կմ/ժամ արագությամբ ես ծախսում եմ ընդամենը 100 կկալորիա էներգիա։ Սա այն դեպքում, երբ հավի մեկ ձուն ուտելիս մենք ստանում ենք 160 կկալորիա էներգիա։ Փաստորեն 20 րոպե արագ քայլը նույնիսկ մեկ լրիվ ձվի էներգիան չի այրում։ Սննդակարգը ես սահմանափակել եմ հնարավոր մաքսիմալ չափով և օրական 1,5-2,0 կմ քայլելով հազիվ կարողանում եմ քաշս պահել՝ հաստատուն հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում գուցե և նվազի այն։

Հիմա ձեր մոտ հարց կառաջանա, իսկ միգուցե արժե շատ ավելի՞ շատ սահմանափակել սնունդը։ Ասեմ, որ այդպես վարվելը խելամիտ որոշում չի լինի, որովհետև բացի վնասակար կալորիաներից, մեր օրգանիզմը նաև բազում այլ օգտակար տարրեր է ստանում սննդամթերքից, և նրա չափից ավել սահմանափակումը ևս կարող է կործանարար լինել։ Նման դեպքեր շատ են պատահել մոդելների հետ, երբ սննդամթերքի խիստ սահմանափակումն աղջիկներին հասցրել է հյուծման, և նրանք մահացել են։

Ավելի լավ է չափավոր սնվել և ավելցուկ էներգիան մարմնից հեռացնել ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացման ճանապարհով, քան կտրուկ պակասեցնել օրական սնունդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել