քարտեզ Մարկետինգի արդյունավետությունը մեծանում է, եթե Ձեր մարկետինգային ծրագրի շրջանակներում կարողանում եք տրամադրել մարդկանց համար ամենօրյա օգտագործման արդյունավետ գործիք, եթե թեթևացնում եք մարդկանց առօրյան: Ստորև կխոսենք այդպիսի մի մարկետինգային գործիքի մասին:

Քարտեզներն այն գործիքներն են, որոնք մարդկանց որոշակի խմբի համար ամենօրյա կիրառություն ունեն: Քարտեզներից ամենաշատն օգտվող խումբը զբոսաշրջիկներն են: Եթե Ձեր բիզնեսը կապ ունի զբասաշրջության հետ, ապա կարելի է քարտեզ տպագրել, որը կլինի զբոսաշրջիկների համար շատ օգտակար գործիք, միաժամանակ քարտեզում հնարավոր է տեղեկատվություն տեղադրել Ձեր գործունեության ու հասցեների մասին: Քարտեզներն  անհրաժեշտ է այնպես մշակել, որ այնտեղ Ձեր ընկերության գովազդն անուղղակի ներկայացված լինի:

Քարտեզներ տպագրելը կարող է արդյունավետ լինել թանգարանների, ռեստորանների, ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների, վարձակալությամբ մեքենա տրամադրող ընկերությունների, սրճարանների, հյուրանոցների, ակումբների համար:

Կոմերցիոն նպատակներով քարտեզներ տպագրելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ.

  • Ի՞նչ ուղիներով է հնարավոր հասցնել քարտեզը զբոսաշրջիկին:
  • Քանի որ քարտեզները շատ են, ինչո՞վ կարող է զբոսաշրջիկի համար Ձեր քարտեզն ավելի օգտակար լինել, քան մյուս քարտեզները:

БезымянныйԻնչպես քարտեզը հասցնել զբոսաշրջիկին: Զբոսաշրջիկին քարտեզը կարող է հասնել հյուրանոցներից, օդանավակայանը սպասարկող տաքսի ծառայությունների մեքենաներից, տուրիստական գործակալություններից, ինքնաթիռերից, հյուրանոցներին կից սրճարաններից և այլն: Քանի որ Ձեր ու վերոնշյալ օբյեկտների հաճախորդները նույն թիրախային խմբից են, ապա կարելի է պայմանավորվել ու համատեղ հրատարակել քարտեզը, ինչի արդյունքում կկիսվեն ինչպես ծախսերը, այնպես էլ տարածման ճանապարհները:

Ինչով է տարբերվելու Ձեր քարտեզը մյուսներից: Քարտեզները շատ են, այդ թվում այնպիսիք, որոնք տարբեր ընկերություններ անվճար բաժանում են զբոսաշրջիկներին, այդ պատճառով քարտեզ հրատարակելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտում առկա օրինակներն ու այնպիսի քարտեզ մշակել, որն ավելի հարմար և արդյունավետ կլինի, քան մրցակիցներինը:

Քանի որ զբոսաշրջիկներն օգտագործում են նաև էլեկտրոնային քարտեզներ, ապա էլեկտրոնային քարտեզների պատրաստումը նույնպես կարող է արդյունավետ քայլ լինել: Այս դեպքում ավելի կիրառելի է բջջայինի հավելավածի տեսքով էլեկտրոնային քարտեզը: Էլեկտրոնային քարտեզների զբոսաշրջիկին կարող են հասնել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ճանապարհով:

Ստորև ներկայացնում ենք քարտեզի օրինակ, որը Երևան պանդոկն է հրատարակել և տարածում է օդանավակայանի տաքսիներում և որոշ հյուրանոցներում:

Վահրամ Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել