Ինչպես ընդունված է՝ Ռոման Պոլանսկիի ֆիլմերը լի են հոգեբանական նրբություններով. ռեժիսորը սիրում է ընդգծել մարդկանց բնավորության ու դաստիարակության տհաճ մանրուքները:
Թվում է, թե սովորական իրավիճակ է. երեխաները վիճել են, իսկ ծնողները փորձում են իրար միջև հարթել կոնֆլիկտը: Սակայն պարզվում է, որ այդպիսի իրավիճակը կարող է հասցնել... Իսկ թե ինչի կարող է հասցնել, կհասկանաք ֆիլմը դիտելուց հետո:
Այս ֆիլմը գրեթե ամբողջությամբ խոսակցական է, ինչն, ըստ էության, բնութագրական է պիեսի համար (ֆիլմը նկարահանված է բրոդվեյան պիեսի սցենարի հիման վրա): Ի դեպ, ովքեր ֆիլմի վերնագրից ելնելով՝ տրամադրվել են դիտել թրիլլեր կամ էքշն ժանրի գործ, ապա այստեղ այդ ամենը չկա, քանի որ կոտորածն ու սպանդը խոսակցական են, այլ ոչ թե իրական: Ֆիլմը հստակ ցույց է տալիս, թե նեղ շրջապատում մարդիկ ինչպես կարող են իջնել ամենացածր մակարդակի, և նրանք, ովքեր արտաքուստ կիրթ ու դաստիարակված էին թվում, ցույց են տալիս իրենց իսկական էությունը:
Ֆիլմն ամբողջությամբ կառուցված է դիալոգների վրա, բայց դրանից այն չի դադարում որակյալ ու դիտարժան լինել: Եվ հանդիսատեսը ենթագիտակցորեն սկսում է համաձայնվել հերոսների որոշ մտքերի հետ, իսկ մյուսների հետ` ոչ, սակայն դա միանգամայն բնական է, քանի որ այստեղ ցուցադրված են ամենատարբեր տեսակետներ, և հավատացե´ք, ձեր տեսակետն այստեղ նույնպես կա:
Ֆիլմը ոչ բոլորի համար է և պահանջում է ուշադիր դիտում: Հոլիվուդյան հատուկ էֆեկտների սիրահարներին չարժե դիտել այս ֆիլմը, քանի որ սա նրանց համար է, ովքեր սիրում են մարդկային հոգեբանությունը բացահայտող սրամիտ ֆիլմեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել