Մի քանի  շաբաթ առաջ  Ֆեյսբուքը ներկայացրեց իր նոր ալգորիթմը և բացատրեց, թե ինչու են օգտատերերն իրենց լրահոսում քիչ հանդիպում իրենց հետաքրքրությունների շրջանակից դուրս գրառումներ:

Ի՞նչ տեղի ունեցավ

Ֆեյսբուքը,  օգտվելով օգտատերերի մատնանշած հետաքրքրություններից, այսուհետ նրանց լրահոսում ցույց կտա միայն այդ թեմաներով գրառումները: Արևմտյան մամուլում մեծ աղմուկ բարձրացավ այս կապակցությամբ: Ստացվում է, որ Ֆեյսբուքն աղավաղում է իրականության պատկերը և մարդկանց միակողմանի ինֆորմացիա է տալիս: Դա շատ վատ է: Իրենք՝ պատասխանատուները, մեղքը բարդում են օգտատերերի վրա՝ ասելով, թե մարդիկ իրենք են մատնանաշել իրենց հետաքրքրությունները:

Ֆեյսբուքը ֆիլտրում է Ձեր լրահոսը

Շատ օգտատերեր նույնիսկ տեղյակ էլ չեն այս փաստից: Ֆեյսբուքը սովորական օգտատիրոջ համար մատչելի բացատրություն չի տալիս, թե ինչպես է ինքը ֆիլտրում լրահոսը: Կցկտուր բացատրություններից կարելի է հասկանալ, որ մեր լրահոսում երևում են գրառումներ, որոնք շատ են լայքվել, մեկնաբանվել, և մենք նախկինում երբևէ լայքել ենք նման բովանդակությամբ ուրիշ գրառում:

Ինչո՞ւ պետք է դա  Ձեզ անհանգստացնի

Համակարգչի մոտ նստելուց հետո մարդկանց մեծ մասը առաջինը բացում է Ֆեյսբուքի իր էջը: Օրվա լրահոսին և աշխարհում տեղի ունեցող  իրադարձություններին մենք ծանոթանում ենք ավելի շատ Ֆեյսբուքի լրահոսում երևացող նյութերից, քան կայքերի գլխավոր էջեր այցելելով: Իսկ դա նշանակում է, որ մեզ համար շատ կարևոր է լրահոսում երևացող յուրաքանչյուր նյութը:

Ֆեյսբուքն ազդում է ամբողջ համացանցի վրա: Մարդկանց կողմից իրականությունն ամբողջապես չընկալելն ու ամեն ինչին չափազանց էմոցիոնալ արձագանքելը, վեճերում կոմպրոմիսների չգնալը մեծ մասամբ սոցիալական ցանցերի հետևանք են: Եվ այս ամենը խորանում է նոր ալգորիթմի պատճառով: Պատկերացրեք մի փակ համակարգ ու դրա անդամներին, ում անընդհատ նույն ինֆորմացիան է մատուցվում, իհարկե յուրաքանչյուրին իր հետաքրքրությունների շրջանակում: Ամեն մեկն ապրում է իր ինֆորմացիայի աշխարհում ու չի տեսնում մյուսի աշխարհը: Եվ երբ հանգամանքների բերումով հայտնվում է մի գրառման մեկնաբանություններում, որն իր «աշխարհի լրահոսից» չէ, սկսվում են անհանդուրժողականությունն ու ագրեսիան:

Ֆեյսբուքը սպանում է լրագրությունը

Նոր ալգորիթմի առաջ բերած խնդիրների շարքում իր ուրույն տեղն ունի Ֆեյսբուքի և լրագրության պայքարը:

Մեդիան և լրագրությունը 21-րդ դարում շատ ծանր դրության մեջ են: Օրեցօր ավելի դժվար է դառնում ընթերցողներին գրավել և պահպանել նրանց հետաքրքրվածությունը քո լրատվամիջոցի հանդեպ: Սոցիալական ցանցերը լրատվամիջոց-ընթերցող շղթայում ամենակարևորն են: Ընթերցողը կայքի այս կամ այն լուրը բացում է՝ Ֆեյսբուքում դրա հղումը տեսնելով: Իսկ ինչպես արդեն հասկացաք, լրահոսում երևում են այն գրառումները, որոնք շատ են քննարկվել: Դա էլ ստիպում է լրատվամիջոցներին օգտվել գրավիչ վերնագրերից, ուշադրություն գրավող լուսանկարներից և, ինչու չէ, «քլիք» բերող մի շարք հնարքներից: Ֆեյսբուքը փորձում է պայքարել իր ցանցում կոնտենտի որակի բարձրացման համար, բայց անում է հակառակը և ստիպում մարդկանց դիմել ոչ «որակյալ» քայլերի:

Լրագրողներն անհանգստացած են

Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք իրենց կոնտենտը տարածում են Ֆեյսբուքում, և իրենց կայքեր այցելությունների մեծ մասը կախված է Ֆեյսբուքից, անհանգստանում են, որ Ֆեյսբուքը փորձում է  իրեն ենթարկեցնել լրատվական դաշտը: Կարծես թե Ֆեյսբուքը հասնում է իր վերջնական նպատակին`  հսկողության տակ է վերցնում իր ցանցի ներսի մեդիան՝ այդպիսով դառնալով մեծ խոշոր լրատվական կայքի «խմբագիր», ով ընտրում է՝ ինչ ներկայացնի իր ընթեցողներին:

Ի՞նչ անել

Եթե դուք փորձում եք պայքարել Ֆեյսբուքի դեմ և չեք ուզում աշխարհին նայել Ֆեյսբուքի աշխատակիցների պրիզմայից, ապա պետք է նախևառաջ հասկանաք, թե ինչ սկզբունքով են աշխատում Ֆեյսբուքի ալգորիթմները:

1. Հետևեք վերջին տենդենցներին, հրապարակեք միայն թարմ լուրեր։

2. Օգտագործեք «գրավող» վերնագրերի  հնարքները։

3. Հետևեք շեյր արած գրառման արձագանքներին և պատասխանեք մեկնաբանություններին։

4. Օգտվեք Ֆեյսբուքի գովազդների ծառայություններից և լավագույն ու շատ կարևոր հոդվածները գովազդեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել