Պետք է միշտ աջակցել մանկատան երեխաներին, հաշմանդամներին..... Նույնիսկ ճակատագիրն է տարբերություն դնում:

Կան շատ մանկատան երեխաներ, հաշմանդամներ, որոնք բազմաշնորհ են, շատ են սիրում զբաղվել ընթերցանությամբ, ունեն ստեղծագործական տաղանդ: Նրանցից շատերը երազում են համակարգիչ ունենալ, սակայն կարծում են, որ իրենց երազանքը անկատար կմնա: 

Ի՜նչ բան է կյանքը… Մեկը երազում է համակարգիչ ունենալ, իսկ մյուսը՝ թանկարժեք ավտոմեքենա: Մինչդեռ հարուստ, շփացած երիտասարդները ավտոշուկայում իրենց համար նոր մեքենա են ընտրում, մյուսը համակարգիչ անգամ գնելու մասին չի կարող երազել: Այն, որ կյանքը կառուցվում է երազանքների պատերով, դա պարզ է: Բոլորն էլ ունեն երազանքներ, բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նույնիսկ ճակատագիրն է տարբերություն դնում, և այն էլ՝ ամեն հարցում: Հարցեր, որոնք ունեն բացահայտման և պարզաբանման կարիք: Այսպես ասած, հարուստ «պապաշա»-ների երեխաները ցոփ ու շվայտ կյանք են վարում, աննպատակ փողեր վատնում՝ չիմանալով անգամ, թե ովքեր են պատկերված թղթադրամի վրա: Նույնիսկ համարձակվում են այսպես արտահայտվել. «Արա էս ո՞վ ա, սրա տեղը հորս նկարը ըլներ էլի», «Ֆո՜ւ, հլը սրա բեղերը, գոնե թրաշվեր», «Վայ քու արա, սրա դեմքը ծանոթ ա»: Մինչդեռ մյուսներն արդեն հասցրել են կարդալ Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի գրվածքները ու կենսագրություններն էլ անգիր են արել: Ինչի՞ց է գալիս այն հանգամանքը, որ այսօրվա երիտասարդների մի ստվար զանգված ունակ չէ հասկանալու, որ կյանքում փողը չէ կարևոր: Մի՞թե դժվար է հայացքը թեքել ու նայել շուրջը: Միգուցե այն փողերը, որ վատնում են անտեղի, մեկ ուրիշին անհրաժեշտ են ավելի, քան նրանք կարծում են: Կյանքն այնքան էլ անարդարացի չէ, որ չհասկանա իրական ու անկեղծ երազանքը շատերի համար և այն չիրականացնի: 

Փառք Աստծո, մենք այսօր բացի վերը նշված երիտասարդներից ունենք նաև երիտասարդներ, ովքեր այնքան մարդասեր են, որ կարող են ձեռք մեկնել շատ մարդկանց, փոքրիկ մանկատան երեխաներին, հաշմանդամներին և այլն: Կոչ եմ անում բոլորին միշտ ձեռք մեկնել նրանց, և այն կգնահատվի շատերի, ինչպես նաև Աստծո կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել