Մեկը մյուսին հերթ չտալով՝ զանազան լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են սենսացիոն տեղեկատվություն, ըստ որի՝ Իրանը մոտ 15 հազար կամավորներ է տեղափոխել Սիրիա:

Նշված լուրն ակտիվորեն շրջանառվում է շաբաթվա ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ զորամիավորման հրամանատար, «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում արդեն իսկ առասպելական լուսապսակով պարուրված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Լաթաքիա կատարած այցի ֆոնին, ինչը չի բացառում, որ այս լրատվությունը կարող է համապատասխանել իրականությանը:

Ակնհայտ է, որ տեղեկատվության ճշմարտացի լինելու դեպքում Իրանը Սիրիա է փոխադրած լինելու ոչ թե ինչ-որ հասարակ կամավորների, այլ լուրջ պատրաստություն անցած ռազմական գործի մասնագետների, որոնք, ի տարբերություն Իրաքի տարածքի, ոչ մի կերպ կաշկանդված չեն լինելու նաև ամերիկյան ներկայությամբ, քանի որ Դամասկոսն, ի տարբերություն Բաղդադի, «Իսլամական պետության» դեմ պայքարի սեփական մարտավարությունն ընտրելիս և ռազմական գործողությունները մշակելիս բնականաբար Վաշինգտոնից ցուցումներ կամ խորհրդատվություն չի ստանում:

Եթե արդի զարգացումները փորձենք դիտարկել նաև պատմական հետահայաց տիրույթի կտրվածքով, ապա միգուցե տարօրինակ է, բայց փաստ, որ հենց նույն պատմության հեգնանքով ստացվել է այնպես, որ Կադիսիայի մոտ արաբական զորքերից դեռևս միջնադարում չարաչար պարտություն կրած իրանական զորամիավորումներն այժմ փաստացիորեն այն միակ իրական ուժն են, որն ի զորու է ժամանակին կորսված Տիզբոնի փոխարեն նորահայտ կեղծ խալիֆայությունից փրկել Խալիֆայության պատմական երկու մայրաքաղաքները՝ Դամասկոսը և Բաղդադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել