Այո, միշտ լինել այնպիսին, ինչպիսին կաս, դժվար է, բայց երջանիկ լինելու hամար` խիստ անհրաժեշտ: Մարդիկ տարբեր են, ոմանք խաղաղ են, ոմանք` նյարդային, ոմանք` համբերատար, իսկ ոմանք էլ լրիվ այլ մոլորակից են: Դա մարդկանց էությունն է, նրանք այդպիսին են և վերջ, նրանք աշխարհ են եկել այդպիսին և այդպես էլ կգնան աշխարհից: Եվ նրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունը կյանքում: Համբերատար մարդը երբեք հունից դուրս չի գա հասարակության առջև, ինչը շատ նպաստավոր է նրա համար: Նյարդային մարդուն որքան հնարավոր է անտեղի չեն անհանգստացնում, խոսելիս զգույշ են լինում` իմանալով նրա բնավորությունը: Բնավորությամբ հանգիստ մարդկանց շրջապատում գրեթե բոլորն են սիրում: Իսկ ինչ վերաբերում է բարդ բնավորություն ունեցող մարդկանց, ապա կասեմ, որ նրանց շատերն են հարգում իրենց հետաքրքիր աշխարհայացքի և մտածելակերպի համար: Իհարկե, նրանք բոլորն էլ ունեն թերություններ, անթերի մարդ չկա: Բայց պետք չէ կենտրոնանալ մեր թերությունների վրա, դրանք պարզապես պետք է շտկել: 

Կյանքը նման է խաղի, քո խաղը դու ես ստեղծում, ստեղծիր այնպես, որ քեզնից հետո քո խաղի մասին, խոսեն դարերով: Գերմանացի գրող Ֆրիդրիխ Հագեդորնն իր ժամանակին ասել է. «Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն»։
Հազարավոր մարդիկ մի քանի փուլից բաղկացած կյանքը համարում են երջանկություն: Բայց ոչ, երջանկությունը բաղկացած է հազարավոր ճյուղերից: Երջանկությունն այն է, երբ բացի քեզնից քո ստեղծածով ուրախանում և երջանկանում են նաև քո կողքինը, նրա կողքինն ու այդպես շարունակ` ընդգրկելով ողջ աշխարհը: Խոսելով արդեն երջանկության մասին՝ կշեղվեմ բուն թեմայից, բայց մեջբերում եմ երջանկությունը, քանի որ հազարավոր մարդիկ կարծում են, որ այդ սակավաթիվ փուլերից բաղկացած կյանքն իրական երջանկությունն է:
Նստիր, մտածիր, արա այնպիսի մի բան, որը կզարմացնի բոլորին, որ քո քայլից հետո մարդկանց կյանքը ավելի կհետաքրքրանա: Եկել է ժամանակը, որ փոխես այս աշխարհը դեպի լավը: Մենք վստահ ենք, որ բոլորիս մեջ էլ հեռվից լսվում է այս ձայնը «Ես, ես ինչպես կարող եմ փոխել, դա անհնարին է»: Կասեմ մի բան, սա այն ձայնն է, որը ցանկանում է քեզ ենթարկել այս կյանքին: Բայց ԴՈՒ եղիր հաղթող և ինքդ ենթարկիր կյանքին: Դու արժանի ես, արժանի ես այն բանի համար, քանի որ դու ցանկանում ես փոխել այս աշխարհը: Ուրեմն հիշիր, հաղթանակը տրվում է պայքարողին: Պայքարիր քո հաղթանակի համար, և ավելացրու քո կյանքի փուլերը:

Ցանկացած մարդ էլ ունի նախանձելի որևէ բան, որ չունի մեկ ուրիշը, հարկավոր է չմոռանալ այդ մասին: Անգամ եթե թերություններն անշտկելի են, ապա դրանց մասին հնարավորինս քիչ հիշեք, չէ՞ որ դուք օժտված եք բազում այլ շնորհներով: Ոգեշնչվեք դրանով, բայց մի գոռոզացեք և մի չափազանցրեք ձեր հնարավորությունները: Այլ խոսքով, եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Երբեք մի կարծեք, որ դուք ստոր և ցածրակարգ արարած եք, քանզի կրթված չեք, անտուն եք, աղքատ կամ շատ սխալներ ու մեղքեր եք գործել կյանքում, որովհետև ձեր կյանքում արած նույնիսկ մի փոքրիկ բարությունն ազատում է ձեզ ինքներդ ձեզ ցածր համարելու հիմար զգացողությունից: Դուք ցածր չեք, դուք մարդ եք, դուք էլ այդպիսին եք: Մի թերագնահատեք ձեզ և ձեր արժանիքները, պարզապես ձգտեք ավելիին: Եվ ոչ էլ գերագնահատեք ձեզ: Ինչքան էլ հաջողություւներ ունենաք կյանքում և մեծ բարձրունքներ նվաճեք, մարդկային տեսանկյունից դուք ոչնչով չեք տարբերվում ձեզանից ցածր պաշտոն ունեցող պաշտոնյայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել