Ինչքան էլ ՀՀ նախագահը հրամաններ տա ոստիկանությանը, դատախազությանը, ոստիկանապետն՝ իր ենթականերին, գլխավոր դատախազը՝ իր, միևնույն է, ոչ մի փոփոխություն: Նույն զոռբայությունն ու այլանդակությունն է տիրում իրավապահ համակարգում: Վերջերս մեծ աղմուկ հանած, Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված Արթուր Խաչատրյանը շարունակում է անօրինաբար պահվել այնտեղ: Այսօր Խաչատրյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին: Անօրինաբար պահվող որդու մոր նամակը. «Մեծարգո պարոն նախագահ, իմ հույսը կապելով Ձեզ հետ, թախանձագին խնդրում եմ հանձնարարեք ոստիկանությանը եւ դատախազությանը, որպեսզի կատարեն գործի օրինական քննություն, եւ եթե իմ որդին չի կատարել այդ արարքը, ապա նրան բաց թողնեն, ոչ թե շարունակեն կալանքի տակ պահեն եւ 7 ամիս գործը քննելուց հետո դատարանում հայտնվում է, որ նոր միայն ցանկանում են կատարել լրացուցիչ քննչական գործողություններ` իմ որդուն ավելի ծանր մեղադրանքներով մեղադրելու եւ այն հիմնավորելու համար:

Մի ՞թե կարելի է նման կերպ վարվել, երբ 7 ամիս գործը քննելուց հետո դեռ ապացույցներ չկան, ապա նորից կալանքի տակ պահել, որպեսզի ապացույցներ ձեռք բերվեն, իսկ այդ ընթացքում մեր ընտանիքը զրկված է կերակրող ձեռքից, եւ ես, իմ հարսը եւ իմ նորածին թոռնիկը մի կերպ գոյատեւում ենք ազգականների ու բարեկամների օգնությամբ, ինչը երկար չի կարող շարունակվել:

Ներկայումս մեր ընտանիքը գտնվում է նյութական ծանր եւ քաոսային վիճակում եւ եթե իմ որդուն շարունակեն պահել կալանքի տակ, ապա իմ կյանքը վտանգված է, իսկ հարսիս ու թոռնիկիս վաղվա օրը՝ անորոշ ու ցավալի:

Մի՞ թե գործը քննող մարմինները չեն տեսնում մեր ծանր կացությունը եւ ցանկություն չի առաջանում իմ որդու վերաբերյալ քրեական գործին տալ օրինական լուծում, այլ ոչ թե կամայականորեն պահել կալանքի տակ եւ ցանկանան դեռ ծանրացնել:

Դեռեւս 7 ամիս առաջ հույս էինք փայփայում, որ մեր ոստիկանությունը շատ արդար է սկսել աշխատել եւ վստահ էինք, որ մեկ-երկու ամսում կպարզեն իրականությունը եւ իմ որդուն ազատ կարձակեն, սակայն գնալով հասկանում եմ, որ այդքան էլ այդպես չէ:

Այնուամենայնիվ, հույսս չեմ կորցնում եւ որպես վերջին հույս դիմում եմ Ձեզ, մեծարգո պարոն նախագահ: Որպես մայր, որպես հայ կին խնդրում եմ Ձեզ հանձնարարեք գործը քննող մարմիններին, որպեսզի իմ որդու վերաբերյալ իրականացվի ոչ թե շինծու եւ հորինված քրեական հետապնդում, ոչ թե հիմնվեն ենթադրությունների վրա, այլ նրա գործին ցուցաբերվի օրինական եւ մարդասիրական մոտեցում:
Տեղեկացնեմ, որ գործը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Մեսրոպ Մանասյանի վարույթում է:

Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ եւ մեծ հույսով սպասում եմ Ձեր արդար գործին…

Լիզա Շաքարյան

Երեւան, Նոր Նորքի 4-րդ զանգված,
Գյուլիքեխվյան նրբանցք, 3-րդ շենք, բն.36»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել