Լինելով Հայաստանի «Նոր քաղաքական Մշակույթ» կուսակցության ղեկավարը՝ ես գտնում եմ, որ այսօր կուսակցական մակարդակով պայքարն անուժ է և անարդյունք։ Այսօր բոլոր քաղաքական գործիչները պիտի վերադառնան իրենց քաղաքացիական սկզբին և ժողովրդի կողքին կանգնած պայքարեն ռեժիմից ազատվելու համար։ Սակայն ռեժիմից ազատումը չպետք է փոխարինվի այնպիսի մարդկանցով, ովքեր քաղաքական մշակույթի հետ ոչ մի կապ չունեն։ Ռեժիմը պետք է փոխարինվի ազգային էլիտայով և կրթված պրոֆեսիոնալ մասնագետներով, ուստի ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքական գործիչ, ով իսկապես ուզում է ձերբազատվել այս բռնապետական համակարգից, պիտի պատրաստ լինի համագործակցելու և մի կողմ դնելու իր կուսակցական տոմսը։ Եթե ոչ, ապա ստիպված եք լինելու շարունակել կուլ տալ նույն անարգանքները ռեժիմի մեկ այլ ժառանգորդի օրոք։ Եթե հարգում եք ձեզ, եթե հարգում եք ձեր ընտանիքը, ապա պիտի գաք այս գիտակցությանը և ձեր համակիրներին նույնպես հասցնեք այս գիտակցությանը։
Քաղաքական գործիչը պիտի նաև դեմ դուրս գա այն ժողովրդական զանգվածներին, որոնք միայն սեփական կաշվի մասին են մտածում։ Ժողովուրդ, առանց լուրջ պայքարի փոփոխություններ չեն լինում, որքա՞ն կարելի է հանդուրժել մի իշխանության, ով ի վիճակի չի Ազգային պետություն կառուցել։ Իսկ եթե կան ժողովրդական այնպիսի զանգվածներ, ովքեր գտնում են, որ փոփոխությունները վերևից են կատարվում, կամ նրանց պիտի բացատրել, որ դա այդպես չի, կամ եթե չհասկանան, ստիպել, որ հասկանան՝ ՀՀ քաղաքացին է պետության քաղաքական միավորը, ՀՀ քաղաքացին է ի զորու իր երկիրը փոխելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել