Եթե որոշել եք միանալ ու արդեն միացել եք Եվրասիական տնտեսական միությանը, ուրեմն բարի եղեք պահպանել միասնական տնտեսական տարածքի կանոններն ու տրամաբանությունը:

Միասնական տնտեսական տարածքը ենթադրում է սինխրոնիզացված դրամա-վարկային քաղաքականություն Միության բոլոր պետություններում, ինչը նշանակում է, որ ազգային արժույթի գինը միջազգային առևտրաշրջանառության համար կիրառելի արժույթի նկատմամբ պետք է նույնական լինի Միության բոլոր պետություններում:
Վերջին մի քանի օրերին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ ցուցաբերում է արժևորման միտումներ, իսկ բոլորովին հակառակ գործընթացն է տեղի ունենում ԵՏՄ շրջանակներում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանում: 2014թ. հոկտեմբերից հետո ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտավորապես 80%-ով` 32-ից դառնալով 60, իսկ ներկայումս այն տատանվում է 52-54 ռուբլու սահմաններում, մինչդեռ Հայաստանում ՀՀ դրամը նույն ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի համեմատությամբ արժեզրկվել է մոտավորապես 15-18%-ով` 420-ից դառնալով 480 դրամ:
Եթե մեր Կենտրոնական բանկը կամ ՀՀ Կառավարության պատասխանատուները նեղություն քաշեն ու զրուցեն Հայաստանում արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, ապա կհասկանան, որ միայն այս տարբերության պատճառով 90%-ով կրճատվել է արտահանումը Ռուսաստան, հետևաբար դադարեցվել են արտադրությունները, կրճատվել են աշխատատեղերը, նվազել են վճարվող հարկերը, ավելացել է գործազրկությունը:
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ ու գիտակցել, որ տնտեսական միություններն արդյունավետ կարող են աշխատել բացառապես նույնականացված տնտեսական ու դրամավարկային կանոնակարգումների և որդեգրած քաղաքականությունների արդյունքում։
Իսկ մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ արվում է կիսատ, ձևի համար, ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար: 
Այդպես գործ չի արվում, կա՛մ ինտեգրվեք, կա՛մ դադարեցրեք այս թատրոնը: 
Կողմնորոշվեք, պարոնա՛յք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել