Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշում են Երեխաների միջազգային օրը: Սա ամենահին միջազգային տոներից մեկն է:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ երեխաների բարեկեցության և առողջապահության պաշտպանության խնդիրներն առավել քան արդիական էին, 1949թ. Փարիզում տեղի ունեցավ կանանց կոնգրես, որտեղ մասնակիցները երդում տվեցին պայքարել խաղաղության պահպանության համար՝ որպես երեխաների երջանկության երաշխիք: Իսկ 1950թ. հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

Հ.Գ. Այս տոնն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա Երկիր մոլորակի խորհրդանշանի կողքին պատկերված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Դրանք խորհրդանշում են բազամազանություն և համբերատարություն: Երկիր մոլորակը խորհրդանշում է մեր ընդհանուր տունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել