Ամեն տարի այս օրերին պարտքս եմ համարում ձեզ հիշեցնել մի մարդու մասին, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար:
«Փորձառու, բայց անվճռական գեներալ Թ. Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։
«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում.
«Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։
Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա»։
Սկսվեց ճակատամարտը:
Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար...
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Այն 1918 թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ՝ ամենահերոսականն է։Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն, և երկիրը փրկվում է կործանումից:
Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստանը գուցե թե գոյություն չունենար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել