Հետխորհրդային տարածաշրջանի կոնֆլիկտների առանձնահատկությունները. Հրանտ Տեր-Աբրահամյան, Արտակ Այունց, Միքայել ԶոլյանԵրբ մենք խոսում ենք համաշխարհային պատմությունից, օրինակ, եվրոպական հայտնի ազգերի միջև տեղի ունեցած պատերազամների մասին, մենք չենք բնութագրում դրանք որպես էթնիկ կոնֆլիկտ, թեև էթնիկ տարրը կա դրանցում, մենք խոսում ենք պետությունների քաղաքական կոնֆլիկտի մասին, որը ստացել է պատերազմի տեսք, որովհետև պետությունների միջև մրցակցությունը միշտ կա, բայց միշտ չի այն պատերազմի տեսք ստանում, իսկ այստեղ՝ հետխորհրդային տարածքում՝ հետսոցիալիստական ճամբարի տարածքում կամ արևմտյան Եվրոպայից դուրս,  հաճախ հանդես են գալիս հենց այդ բնութագրմամբ՝ առաջնային պլան մղելով էթնիկ տարրը: Սա բավականին խնդրահարույց մոտեցում է, և սրա մեջ տեսնում եմ իդիոլոգիկ՝ գաղափարախոսական ենթատեքստ, նույնիսկ՝ գաղութատիրական ենթատեքստ: Սովետական Միության մեջ, ի դեպ, հենց նույն վերաբերմունքն էր, հիշենք, թե ինչպես էին վերաբերվում հայերի և ադրբեջանցիների խնդրին Ղարաբաղի համար. դե երկու ցեղ են, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչի համար են կռվում, զուտ իռացիոնալ խնդիր է, պետք է հաշտեցնել նրանց, ինչպես մեծերը կհաշտեցնեն փոքր երեխաներին: ԵՎ նույն ենթատեքստը տեսնում ենք նաև հետսովետական շրջանում արևմտյան/միջազգային կառույցների կողմից:

Ծայրահեղացված մի մոտեցում կա, երբ ամեն ինչ բացատրվում է միայն արտաքին միջամտությամբ, օր.՝ ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները եկան, ամեն ինչ խառնեցին, երկիրը տապալվեց, կա և հակառակ ծայրահեղությունը, որն այդքան էլ տարածված չի: Մինչդեռ ես կարծում եմ, որ որևէ արտաքին ուժ չի կարող որևէ երկրում  որևէ լուրջ ազդեցության միջամտություն ձեռնարկել, եթե ներքուստ այդ խնդիրները հասունացած չեն: Ի՞նչ կար Ուկրաինայում: Կար մի կողմից՝ Ուկրաինայի արևմուտքը, որն երբեք Ռուսաստանի կազմում չի եղել, և ուկրաինական ազգային ինքնությունը միշտ այդտեղ է շեշտված եղել, և կա մյուս կողմից՝ Ուկրաինայի արևելքը, որը շատ վաղուց Ռուսաստանի կազմում է եղել և ըստ էության՝ իրենց չեն տարբերակել ռուսներից, և կա Ուկրաինայի կենտրոնը՝ Կիևը, որը փորձում էր բալանսավորել այս երկուսի ազդեցությունը: Ինչպե՞ս խախտվեց այդ բալանսը…

Համաձայն չեմ այն մտքի հետ, որ ուկրաինական պետությունը փլուզվեց, գուցե փլուզվեց այն Ուկրաինան, որը կար, բայց, կորցնելով նույնիսկ Ղրիմը և Դոնբասը, առաջանում է նոր Ուկրաինա, ուր չկա արևմտուք-արևելք բաժանումը, և ռուսական միջամտության արդյունքում այն արևելքը, որը նախկինում արևմուտքից առանձին էր զգում, հիմա շատ ավելի ինտեգրված են: Շատ պատկերավոր օրինակներ են Հյուսիսային Իռլանդիան և Իռլանդիան: Իռլանդիան անկախացավ Մեծ Բրիտանիայից՝ կորցնելով Հյուսիսային Իռլանդիան: Հնդկաստանն անկախացավ Մեծ Բրիտանիայից՝ կորցնելով Պակիստանը, որից էլ հետո առանձնացավ Բանգլադեշը: Այսինքն միշտ, երբ ինչ-որ երկիր ազատվում է իր կայսրությունից, որի գաղութն էր կամ կախյալ տարածքը, կայսրությունը փորձում է ինչ-որ կտորներ պահել, երբեմն հաջողվում է, երբեմն էլ՝ ոչ այնքան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել