Տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվողները՝ ծրագրավորողներ, բլոգերներ, լրագրողներ և այլ մասնագիտություներ ունեցող բազմաթիվ երիտասարդներ, այսօր շտապում են Հայաստանի ամերիկյան համալսարան՝ մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2015» ամենամյա կոնֆերանսին։

«ԲարՔեմփի» մասնակիցները միաբերան պնդում են, որ այստեղ այլ մթնոլորտ է տիրում, հետաքրքիր են ոչ միայն դասախոսությունները, այլև մասնակիցների հետ ծանոթությունները։ Միջոցառման մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ մեծ է, լսարաններում նույնիսկ կանգնելու տեղ չկար։ Կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանը BlogNews.am-ին ասաց, որ չէր սպասում, որ այսքան մարդ կգա, թեև 2500 մարդ նախապես գրանցվել էր։

«Տարբերանշանով շապիկներն այդքան շատ չէինք պատրաստել՝ ընդամենը 1200 հատ, հաշվի առնելով, որ այդքան մարդ չի գալիս։ Ամեն տարի նկատվել է հետաքրքրության աճ, սակայն այս տարվա պայթյունային աճը, կարծում եմ, պայմանավորված է երիտասարդների հետաքրքրությամբ այս ոլորտով։ Սա արդեն դառնում է բիզնեսի ոլորտ»,- ասաց նա՝ հավելելով, որ «ԲարՔեմփում» շատ հետաքրքիր մթնոլորտ է, որին շատերն անհամբերությամբ սպասում են։

«Տարիներ առաջ չէինք էլ հասկանում՝ ինչ ենք սկսում. մեզանից երկուսը՝ Գեղամ Վարդանյաննն ու Արթուր Պապյանը, գնացել էին Ղրղզստան, տեսել «ԲարՔեմփը», որոշեցինք մենք էլ անել։ Առաջին անգամից զգացինք, որ պետք է շարունակել, բայց չէինք սպասում այսպիսի արդյունք, չէինք սպասում, որ հովանավորներ են հայտնվելու, այսքան մարդ է ներգրավվելու»,-նշեց Սամվելը։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ իրենք շահույթ չեն հետապնդում։

«Բարքեմփի» ակունքներում կանգնած Գեղամ Վարդանյանն էլ մասնակիցների թվի այս տարվա աննախադեպ աճը պայմանավորում է բուհերի համապատասխան բաժինների ուսանողների թվի աճով, IT ոլորտի հանդեպ մեծացող հետաքրքրությամբ։ «Այս միջոցառումը ոգին ունի, ինչը ևս շատ կարևոր է»,- նկատեց նա։

Մասնակիցներից Արսեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Բարքեմփի» շրջանակներում ստանում է տեղեկություն, որը համացանցում չի կարող գտնել. «Բանախոսները շատ մատչելի են խոսում, կա նաև հարց ու պատասխան, որի միջոցով գտնում ես քեզ հուզող հարցերի պատասխանները»։

Նարե Զաքարյանը 2009 թվականից մասնակցում է «Բարքեմփին», այս տարի նա կամավոր է. «Դասերը շատ հետաքրքիր են. դու ազատ ես, եթե քեզ մի բան չի հետաքրքրում, կարող ես դուրս գալ, գնալ մեկ այլ լսարան, հետաքրքիր է նաև, որ կարող ես ոտքերով քվեարկել»։

Լիլիթ Բադալյանն առաջին անգամ է մասնակցում միջոցառմանը։ «Ընկերներս մասնակցել էին ու ասում էին, որ շատ հետաքրքիր է անցնում, շատ բաներ կարող ես սովորել նաև մասնակիցներից։ Այսօր արդեն հետաքրքիր դասախոսություն լսեցի, քանի որ դասընթացն ինտերակտիվ է, կարողացա նաև ուղղել իմ հարցերն ու ստանալ պատասխաններ»,- նշեց նա։

Կամավոր Ագնես Գասպարբեկյանն էլ չորրորդ տարին է մասնակցում «ԲարՔեմփին». «Չորս տարի առաջ գաղափար չունեի IT-ից, հիմա արդեն մեծ հետաքրքրություն ու առաջընթաց կա։ Այս տարիների ընթացքում մասնակիցների «որակն» է փոխվել։ Հիմա շատ երիտասարդներ են գալիս։ Էստեղ շատ լավ մթնոլորտ կա, որը պայմանավորված է մարդկանց խելառությամբ ու իրենց իմացածը, մտքերը կիսելու ցանկությամբ»։

Ի դեպ, այս տարի աշխատանք փնտրողներին գործատուներին կապելու հնարավորություն է ստեղծվել։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել