Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն ստացավ նաև Ուկրաինայի քաղաքացիություն, ըստ շրջանառվող լուրերի (համաձայն որոշ աղբյուրների արդեն հաստատված), ևս նոր, պատասխանատու պաշտոն է զբաղեցնում Ուկրաինայի պետական կառավարման համակարգում: Խոսքը գնում է Օդեսայի պետական նահանգային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին, այսինքն` նահանգապետ:

Բնականաբար, ելնելով Միխեիլի քաղաքական հայացքներից, այս քայլը որոշ պետությունների զայրութն ավելի կխորացնի, մասնավորապես` Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունների: Ուշագրավն էլ այն է, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների կողմից «հետախուզման» մեջ գտնվող գործիչին շատ մեծ «տեղ» են տալիս արևմտամետ Ուկրաինայում և ոչ միայն:

Պարզից էլ պարզ է, որ Սաակաշվիլին կարող է ինչ-որ խնդրի լուծման հնարավոր հոսանք ստեղծել և այն տեղից շարժել: Սրանում նա բազմիցս է համոզել: Ինչ-որ հայտնագործություն չենք անի, երբ մի պահ, հիշողություններս թարմացնելով, հայացք թեքենք Վրաստանի վերջին տարիների անցած ճանապարհի վրա (ի նկատի ունեմ անկախացումից այս կողմ) և համեմատության մեջ գնահատենք նրա վարած քաղաքական կուրսի ձեռքբերումներն ու բացթողումները:

Անշուշտ, բոլոր ժամանակներում էլ գործել է մի պարզ պատմական ճշմարտություն. «Չես կարող լինել բոլորի կողմից ընդունելի»: Բայց երբ նա մտավ ակտիվ քաղաքական բնօրրան, նրան կարծես թե բոլորն էին սպասում, և սրանով պայմանավորված՝ նա հետո պիտի ստանար «Միշա» անվամբ հասարակության համակրանքը:

Մի կողմ թողնելով ուկրաինական ճգնաժամի քաղաքական պատճառները՝ մի բան շատ պարզ է, որ այսօր ուկրաինական պետությանն անհրաժեշտ է ռեֆորմների մի հսկայական փաթեթ և դրա իրականացում: Միշան պատմության իր լավագույն էջերը կերտել է որպես ռեֆորմատոր: Եվ սա հասկանալով՝ այժմ ուկրաինական քաղաքական էլիտան ձգտում է «օգուտ քաղել» նրանից:

Բայց արդյո՞ք ուկրաինացիներին կհաջողվի շարունակաբար այս պատասխանատվությունների շրջանակն ընդլայնել, օրինակի համար, ընդհուպ մինչև քաղաքական կուրսի պատասխանատվության ստանձնում, կարծում եմ՝ մի շարք մտորումների տեղիք է տալիս այն առումով, որ նախ նույն ինքը՝ Սաակաշվիլին, հայտարարել էր, որ շատ երկար սպասեցնել չի տա Վրաստանին, իսկ մյուս կողմից էլ Վրաստանում նրա «կարիքը» զգացողների թվի աճման միտում է նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել