Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի որոշումը՝ Բաքու չմեկնել, արժանի է հարգանքի և ըմբռնման: Ըմբռնման, ոչ թե ըմբռնումով մոտենալու, այլ դրա խորությունն ու իրական պատճառները հասկանալու առումով: Ամենագիտության ոճով հնչեցվող քննադատությունները չեն էլ փորձում թափանցել այդ որոշման հնարավոր իրական պատճառների դաշտ և ակնհայտորեն հենվում են սին բամբասանքների վրա:
Նախ՝ հիսուն հազարն էլ գումար է, ընդ որում՝ մեծ գումար, այդ թվում և Միացյալ Նահանգներում, որտեղ հազվագյուտ մարզիկներ են, անգամ ունենալով միջազգային ճանաչում, նման գումարներ վաստակում են մեկ մրցաշարից: Հետևաբար, ենթադրությունները, թե մեր մարզիկները հրաժարվել են գնալ Բաքու, որովհետև հաղթելու պարագայում գումարը քիչ են համարել, անհեթեթ են և անմաքուր: 
Այն փաստարկները, թե իրենց այդ քայլով հայկական թիմին «անհարմար վիճակում» են դրել, նույնպես անլուրջ են, որովհետև հայկական թիմն ինքն է իրեն անհարմար վիճակում դրել՝ Բաքու գնալու որոշում կայացնելով: Եթե ոմանց թվում է, թե այդ քաղաքում Հայաստանի հիմնի հնչեցումը և դրոշի բարձրացումը տեսականորեն անգամ հնարավոր են, ապա այդ մարդիկ անրջում են: Հատկապես լարման այս աստիճանին և այս փուլում՝ ատելության պրոպագանդայի այս օրերին, Ադրբեջանն ամեն բան անելու է այդ փաստը ոչ միայն անհնար դարձնելու, այլև դրա ակնարկները երազի մակարդակի թողնելու համար: Ջուլֆալակյանին դեռևս Լոնդոնում զրկեցին հաղթանակի հնարավորությունից, որովհետև մրցակիցը նենգ հնարք էր կիրառել՝ մարմինը յուղով պատելով: Թե Ադրբեջանում ինչով կարող են պատել հաղթելու իրական շանսեր ունեցող հայ մարզիկների ոչ միայն մրցակիցների մարմինները, այլև, ասենք, սնունդը, անկողինը, լվացարանը կամ այլ պարագաները, դժվար չէ կռահելը: Ու եթե, ի թիվս այլոց, կան խոսակցություններ, որ մարզիկների ծնողներն են որդիների չգնալու որոշում ընդունել, ապա պետք է պատիվ մատուցել այդպիսի ծնողներին, որ գումարի հեռանկարով չեն կուրանում, այլ դրսևորում են իմաստնություն և շրջահայացություն:
ՀԱՕԿ-ն ընդհանրապես տարօրինակ և գավառայնությամբ բուրող զարմանալի որոշում է ընդունել ընդհանրապես մարզիկներ Բաքու ուղարկելու առումով: Նման որոշումը չի կարող ոչ որևէ տրամաբանական և ոչ էլ որևէ խելամիտ բացատրություն ունենալ:
Նման որակի մարզիկներին պետք է խնայողաբար վերաբերվել, այլ ոչ դարձնել սին և անհիմն երազանքների գործիք: 
Եվ վերջում, պետք է գնահատել այս երկու ատլետների սկզբունքային և խիզախ քայլը նման ինքնուրույն որոշում ընդունելու առումով: Խիզախությունը ոչ թե անզեն գայլի որջ մտնելն է, այլ այդ գայլին սեփական դաշտում սեփական կրակով խանձելը և գայլի բուն հրողներից առանձին ճանապարհ ընտրելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել