Չնայած նկարահանման տարեթվին (1968)՝ միստիկայով լեցուն և ճնշող մթնոլորտով այս ֆիլմն արդիական է մինչ օրս:
«Ребенок Розмари»-ն իրապես հանճարեղ ռեժիսոր Ռոման Պոլանսկիի լավագույն ֆիլմերից մեկն է: Ֆիլմում բացակայում են արյան ծովերը, անկյուններից անսպասելիորեն դուրս չեն թռչում հրեշները, չկան սպանությունների դաժան տեսարաններ: Գործողությունները դանդաղ են ընթանում, իրադարձությունները սահուն կերպով փոխում են մեկը մյուսին, լարվածությունն աճում է կադրից կադր, իսկ երաժշտությունը հիանալիորեն լրացնում է այդ ամենը: Եվ սկսում ես սարսափել: Սակայն սա առաջին հերթին ոչ թե սարսափ ֆիլմ է, այլ դրամա: Այստեղ ավելի շատ սարսափեցնում են մարդկանց արարքները, նրանց մտքերն ու շարժառիթները, այլ ոչ թե ինչ-որ անդրշիրիմյան կրքեր:
Ռեժիսորին հաջողվել է հանդիսատեսին հմտորեն թաթախել այդ խորհրդավոր պատմության մեջ, որում առկա են կախարդանք ու սև մոգություն: Պոլանսկին ֆիլմն այնքան է հագեցրել խորհրդավոր և միաժամանակ ակնառու իրադարձություններով, որ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռնվում ինքնուրույն զարգացնել դեպքերի հետագա ընթացքը: Ինչ-որ պահի ամեն ինչ տանում է դեպի սատանիստական սեկտայի խորհրդավոր դավադրության, հետո թվում է, թե տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, եթե ոչ Վուդու և սև մոգություն, և նույնիսկ հավանական է թվում գլխավոր հերոսուհու` պարանոյայով տառապելու տարբերակը:
Իրադարձությունների զարգացման այս բազմակողմանի միջոցները ռեժիսորի տաղանդավոր բեմադրման արդյունք են. նա կարողացել է հանդիսատեսի մոտ ֆիլմը սկզբից մինչև վերջ դիտելու հետաքրքրություն առաջացնել:
«Ребенок Розмари»-ն լավ դերասանական խաղով ու հետաքրքիր սյուժեով գերազանց միստիկ թրիլլեր է, ինչպիսիք այսօր քիչ են նկարահանվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել