Անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչ նպատակներ ու ախորժակ ունեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների առումով, ակնհայտ է, որ այդ կարևոր իրադարձությանը հայրենի ընդդիմադիր դաշտը մոտենալու է նկատելիորեն ձևափոխված պատկերով: 
Այսօր, օրինակ, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը: Օրերս հիմնադրվեց ևս մեկ կուասկցություն՝ «Ալյանս» անվանումով: Բայց հարցը անվանումները չեն, այլ կոնկրետ երևույթը: 
Թույլ տանք մեզ նկատել, որ Հայաստանի քաղաքական կյանքում որոշակիորեն դիտարկվում է, այսպես ասած, «ընդդիմությունափոխության» գործընթաց: Կամ, եթե այդ բնորոշումը կտրուկ է թվում, կարելի է ավելի մեղմ ձևակերպում տալ. ընդդիմության որոշակի թարմացում:
Տվյալ դեպքում էականն այն է, որ ձևավորվում և թափով ասպարեզ են մտնում նոր ուժեր: 
Միաժամանակ անհնար է չնկատել թե՛ այդ ուժերի կազմի, թե՛ դրանց «առաջին դեմքերի» համեմատաբար շատ ավելի երիտասարդ լինելը: Բայց մենք ոչ թե, ասենք, մեկ կամ մեկուկես տասնամյակ գործող որևէ ուժի ներսում կատարվող սերնդափոխությունն ենք դիտարկում, այլ հենց նոր ուժերի ձևավորում և գործունեության մեկնարկ: 
Հարկավ սերնդափոխություն էլ է տեղի ունենում: Սակայն հենց նոր ուժերի, ընդդիմադիր դաշտում նոր միավորների ի հայտ գալն է հետաքրքիր, առավել ևս, որ դա անխուսափելիորեն հանգեցնելու է այդ ճամբարում քաղաքական մրցակցության ուժգնացմանը: 
Ինչ վերաբերում է կոնկրետ «Ալյանս» և «Քաղաքացիական պայմանագիր» անվանումներով կուսակցություններին, ապա նրանց ձևավորման և ասպարեզ ելնելու առումով կարելի է որոշ նմանություններ տեսնել: Մասնավորապես թե՛ «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, թե՛ «Քաղպայմանագրի» նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի պատգամավորներ են: Ըստ որում՝ երկուսն էլ, կարելի է ասել, երիտասարդ, երկուսն էլ ակտիվ: Համենայն դեպս նրանք, հատկապես Փաշինյանը, խորհրդարանի խոսող, սուր հարցեր դնող դեմքերից են, ճանաչելիության խնդիր, ի վերջո, չունեն:
Երկուսն էլ խորհրդարանում հայտնվել են այլ քաղաքական ուժի շարքերում, բայց տարբեր պատճառներով «մայր ուժի» հետ նրանց հետագա ընթացքն ընդհատվել է: Ն.Փաշինյանը թեպետ ՀԱԿ խմբակցության պատգամավոր է, բայց կոնկրետ ՀԱԿ կուսակցության հետ նրանց ուղիները վաղուց են իրարից հեռացել: 
Տիգրան Ուրիխանյանն էլ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո հեռացավ ԲՀԿ շարքերից ու խմբակցությունից և փաստորեն իր քաղաքական կազմակերպությունը ձևավորեց, ըստ որում՝ նախկինում ունեցել է նման՝ կուսակցական լիդերի փորձ: Ճիշտ է, այն ժամանակ նա այնքան հայտնի չէր, որպիսին է մի տևական շրջան ԲՀԿ խոսնակի դերը կատարելուց հետո: 
Կարելի է և այլ զուգահեռներ փնտրել կամ նշել, սակայն տվյալ դեպքում էականը դա չէ: Էականն այն է, որ այս երկու ուժերն էլ ակնհայտորեն դիրքավորվելու են ընդդիմադիր դաշտում: Համենայն դեպս երկուսն էլ թիրախավորված են, այսպես ասած, «բողոքական ընտրազանգվածի» վրա: Իսկ Հայաստանում որքան էլ բողոքավորներն ու բողոքի առիթները շատ լինեն, այդ ընտրազանգվածն անսպառ չէ: Դժվար չէ այստեղից բխեցնել, որ առաջիկայում բավական կոշտ մրցակցություն է ծավալվելու առաջին հերթին հենց ընդդիմադիր տարբեր ուժերի միջև: 
Մի կողմից, իհարկե, ՀԱԿ-ն այլևս առաջվանը չէ, բայց մյուս կողմից՝ այն դեռևս փորձում է իրեն պահել թամբի վրա կամ գոնե ներկայանալ այդպես: ԲՀԿ-ն, որ տակավին երերում է՝ հայտնի զարգացումներից ու շարքերի նկատելի նոսրացումից հետո, անշուշտ, փորձելու է առաջիկայում ավելի ամուր կանգնել երկու ոտքի վրա: ՕԵԿ-ի վերաբերյալ կարելի է ասել, որ չնայած կողքից ամենատարբեր խայթոցներին, նրանց ամենևին էլ պետք չէ «խաղից դուրս վիճակում» համարել:
Դաշնակցությունը, որքան էլ այժմ կենտրոնացած է սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, ունի կայուն և հավատարիմ ընտրազանգված, իսկ գրագետ PR-ի ու քարոզչության պարագայում կարող է և նկատելիորեն համալրել համակիրների շարքերը: «Ժառանգությունը», չնայած ակտիվ ներկայացուցիչների առկայությանը, որպես քաղաքական կուռ կազմակերպություն մի տեսակ չի ընկալվում: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ապա ո’չ նրանց միավորման փորձերը, ոչ էլ, ասենք, ՀՀՇ-ի «ռեանիմացիան» այն էֆեկտը չունեցան: 
Նման իրավիճակում նկատելի է, որ «նորության» գործոնը կարող է առնվազն մեկնարկային փուլում որոշակիորեն աշխատել նորաստեղծ ուժերի օգտին: Ողջ հարցն այն է, թե նրանք ինչպես կդրսևորվեն հաջորդող քաղաքական զարգացումների համատեքստում: 
Թեպետ չի կարելի բացառել, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ավելի մոտ ընդդիմադիր առանձին ուժեր փորձեն միավորվել, բայց գործնականում ավելի հավանական է թվում նրանց՝ առանձին-առանձին գործելու տարբերակը: Ի վերջո կարող ենք ունենալ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները հիշեցնող իրավիճակ, երբ գրեթե մեկ տասնյակի չափ ընդդիմադիր ուժեր առանձին մասնակցեցին ընտրություններին, ըստ որում՝ բոլորը միասին հաշված պատկառելի թվով «ձայներ տարան»՝ ընդհանուրի գրեթե 1/3-ը: 
Սակայն առանձին-առանձին հանդես գալու հետևանքով բողոքական ընտրազանգվածի ձայները փաստորեն փոշիացան, և այդ կազմակերպություններից շատերն ուղղակի չկարողացան հաղթահարել «անցողիկ շեմը»: Այսինքն՝ հնարավոր է, որ հաջորդ ԱԺ ընտրություններում էլ նման մի բան տեղի ունենա: 
Կարելի է ասել, որ ԱԺ հաջորդ ընտրությունների ակտիվ նախապատրաստության մեկնարկը տրված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել