Աշխարհի բնակչության 15 տոկոսը ձախլիկ է։ Եվ միայն 1 տոկոսն է, որ նույն հեշտությամբ օգտվում է  երկու ձեռքից էլ։

Մարդկանց մեծամասնությունն այն համոզման է, որ ձախլիկությունը դրսևորվում է միայն արտաքին գործողություններում, ինչպիսիք են, օրինակ, ձախ ձեռքով սնվելը, սնունդ պատրաստելը, գրելը կամ այլ գործողությունների իրականացումը: Սակայն աջլիկների և ձախլիկների տարբերությունները չեն սահմանափակվում նման արտաքին դրսևորումներով: Ձախլիկների մոտ առավել զարգացած է գլխուղեղի աջ կիսագունդը: Հետևաբար, աջլիկների մոտ գերակայում է ձախ կիսագունդը, որը պատասխանատու է մարմնի աջ հատվածի համար, իսկ երբ գերակայում է աջ կիսագունդը, որը պատասխանատու է մարմնի ձախ հատվածի համար, մարդիկ ինքնաբերաբար դրսևորում են իրենց ձախլիկությունը:

Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնցով պայմանավորվում է մեր աջլիկ կամ ձախլիկ լինելը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ պատճառները կարելի է տեղավորել չորս հիմնական խմբերում: Նախևառաջ, խոսքը գնում է ժառանգական առանձնահատկության մասին: Մարդկանց մոտ աջ կիսագնդի դոմինանտությունը հանդիսանում է ժառանգականության արդյունք: Սակայն գիտնականները մինչ օրս չեն բացահայտել ձախլիկության գենը: Ձախլիկությունը ոչ միայն ծնողներից է ժառանգվում երեխաներին, այլև տատիկ–պապիկներից իրենց թոռներրին, անգամ ծոռներին: Ձախլիկ ծնողներից ձախլիկ երեխա ծնվելու հավանականությունը 46 % է: Որոշ գիտնականներ նշում են «պաթոլոգիկ ձախլիկության» մասին, որը հանդիսանում է հղիության վերջին շրջանում ի հայտ եկած պաթոլոգիաների կամ ծննդաբերական տրավմաների հետևանք, որոնք իրենց հերթին էական ազդեցություն են ունենում երեխայի գլխուղեղի զարգացման վրա, և դրա արդյունքում երեխան կարող է դառնալ ձախլիկ: Առանձնացնում են նաև այսպես կոչված «հարկադրված ձախլիկությունը», որը հաճախ հանդիսանում է աջ ձեռքի տարաբնույթ տրավմաների հետևանք: Ձախլիկության նախադրյալ կարող է հանդիսանալ նաև նմանակումը: Պատահում է, որ երեխան նմանակում է ձախլիկ ծնողներից որևէ մեկին, որի արդյունքում ձախլիկությունը դառնում է սովորություն:

Հոգեբանների կողմից առանձնացվում են մի շարք առանձնահատկություններ, որոնցով ձախլիկ երեխաները տարբերվում են աջլիկներից: Մասնավորապես, ձախլիկներն ավելի համառ են, քան իրենց տարեկից աջլիկները, ընդ որում՝ այդ համառությունը ձախլիկների մոտ կարող է կրել երկարատև բնույթ: Նրանք վառ անհատականություններ են: Բացի այդ, ձախլիկներն ավելի անմիջական են, վստահող, արագ տրվում են վայրկյանի ազդեցության ներքո առաջացած հույզերին և զգացմունքներին, շատ էմոցիոնալ են: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ ձախլիկներին բնորոշ է ստեղծարարությունը, նրանց մտավոր ունակություններն այլ բնույթ են կրում:

Ձախլիկությունը, ինչպես ցանկացած այլ երևույթ, ունի նաև իր բացասական դրսևորումները, որոնք կարող են արտահայտվել ուշ խոսքում, որոշ հնչյունների արտաբերման, գրավոր խոսքում առկա դժվարություններում, ընթերցանություններում և այլն: Բացի այդ՝ տարեկան մոտավորապես 2500 ձախլիկներ ֆիզիկական վնասվածքներ են ստանում այնպիսի սարքավորումներով աշխատելու արդյունքում, որոնք նախատեսված են միայն աջլիկների համար:

Անկախ այս կամ այլ դժվարություններից՝ հոգեբանները պնդում են, որ ծնողները չփորձեն իրենց ձախլիկ երեխաներին վերափոխել աջլիկների: Պետք է հստակ գիտակցել, որ ձախլիկությունը պաթոլոգիա չէ, այլ նորմայի անհատական ձև, և երբ մենք փորձում ենք ձախլիկին վերափոխել աջլիկի, մենք փորձում ենք վերափոխել նրա կենսաբանական բնույթը: Մենք կարող ենք երեխային ստիպել, որ նա գրի և ուտի աջ ձեռքով, սակայն հնարավոր չէ փոխել գլխուղեղի դոմինանտ կիսագունդը: Նման վերափոխումը կարող է բերել տարաբնույթ նևրոզների առաջացմանը, կարող են ի հայտ գալ տեսողական խնդիրներ, ստամոքսի ցավեր, քնի տարաբնույթ խանգարումներ, ախորժակի փոփոխություն, գլխացավեր, կակազում: Նման մարդիկ ավելի են հակված դեպրեսիաների: Նման խանգարումները կարող են ի հայտ գալ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համալիր վիճակով: Բացի այդ՝ նման վերափոխումը կարող է բացասաբար անդրադառնալ դպրոցական, իսկ ավելի ուշ՝ համալսարանական առաջադիմության վրա:

Հայտնի աստղերի մեջ ևս կան այնպիսինները, որոնց բնորոշ է ձախլիկությունը: Հայտնի ձախլիկ դերասաններից են Չարլի Չապլինը, Մերիլին Մոնրոն, Բրյուս Ուիլլիսը, Անջելինա Ջոլին, Ջուլիա Ռոբերթսն ու այլոք: Հայտնի ձախլիկ գրողներից են Ալեքսանդր Պուշկինը, Լև Տոլստոյը, Մարկ Տվենը, Հանս Քրիստիան Անդերսոնը, Ֆրանց Կաֆկան և այլոք: Հայտնի ձախլիկ գիտնականներից են Ալբերտ Էյնշտեյնը, Իսաակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը, հայտնի ձախլիկ գործարարներից են Հենրի Ֆորդն ու Բիլլ Գեյթսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել