Ընդդեմ սակագնի բարձրացման համաժողովրդական շարժմանը և սպասվող հանրահավաքներին ընդառաջ՝ ՀԷՑ-ը յուրովի է արձագանքում.անակնկալ անջատումներով (թերևս, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, թե «Էդ դուք էի՞ք ուզում մեզ պատժել ու 2 ժամով հոսանքից հրաժարվելու ակցիա կազմակերպել՝ դե հիմա կտեսնեք, թե հրաժարվելը ոնց է լինում»): Մայիսի 24-ի երեկոյան, երբ ողջ քաղաքականացված հասարակությունը պատրաստվում էր դիտել կիրակնօրյա հեռուստառեպորտաժներ, շաբաթվա լուրերի ամփոփում, որոնց մասին արդեն իսկ ազդարարվել էր անոնսներով, որոնցից պարզ էր դառնում, որ ՀԷՑ-ին քննադատող նյութերի մեծ չափաբաժին է լինելու, ժամը 21-ից Վանաձորի մի զգալի հատվածը հոսանքազրկվել էր՝ մինչև 00 ժամից մի փոքր անց, մյուս հատվածն էլ, թեպետ չէր հոսանքազրկվել, սակայն  կրում էր հոսանքազրկման վնասները, քանի որ հեռուստաալիքներն էին անհետացել՝ կապված վերահաղորդիչ կայանի տարածքի հոսանքազրկման հետ, ինչն արդեն վատ ավանդույթի ուժ է ստացել. ժամանակ առ ժամանակ մարդկանց անակնկալ անջատումներ մատուցել դրանից բխող տհաճ հետևանքներով: Վերջին մեկ շաբաթում հատկապես ակտիվացել են անկապ անջատումները, որից մեծապես տուժում է տարբեր ծառայությունների աշխատանքը. մարդիկ մտնում են խանութ, բայց մթի մեջ թաղված խանութում հնարավոր չէ գնումներ կատարել, առավել ևս, երբ նման դեպքերում էլեկտրոնային կշեռքները չեն աշխատում: Կամ ինտերնետն անակնկալ անջատվում է այն պահին, երբ համակարգչով աշխատում են: Հիմա այս նյութը գրում եմ ու վստահ չեմ, թե այն կհասցնեմ ավարտին հասցնել, քանի որ 10 րոպե առաջ, երբ, մտնելով ֆեյսբուք, իմ էջին հոդված տեղադրեցի այն մասին, որ նաիրիտիցիներն էլ են միանալու էներգիայի բարձրացմանն ուղղված մայրաքաղաքային հանրահավաքին, հոսանքն անջատվեց: Ընդհանրապես, մինչև ե՞րբ են շարունակվելու հովհարային  կամ չնախատեսված անջատումները՝ «պլանային կամ նորոգման նպատակով» և կամ առանց պատճառաբանության: Կարծում ենք, այս ամենը ևս մեկ ապացույց է էներգամատակարարի վատ աշխատանքի մասին, որին քանիցս են անդրադարձներ եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել