Պալատական շենքեր

Բացի միջնաբերդի Բագրատունիների պալատից ամրացված քաղաքում եղել են և ուրիշները, որոնցից գրականության մեջ հիշատակվում են Պարոնի, Սարգսի, Աբուլղարիբի և Վարդապետի պալատները:

Պարոնի պալատ

Պարոնի պալատը, որ պայմանական է կրում այդ անունը և եղել է Անիի համեմատաբար առավել նշանավոր աշխարհիկ հուշարձանը, կառուցվել է նոր քաղաքի հյուսիս-արևմտյան կողմում, Սմբատյան պարիսպներից ոչ հեռու, այն զառիթափի մոտ, ուր միանում են Ծաղկոցաձորն ու Իգաձորը:

11301347_373474672844055_157091935_n

Այդպիսի առանձնացված տեղադրությունը ընդգծում էր շենքի կարևոր նշանակությունը, որի հետևանքով սկզբում Անին ուսումնասիրողները ենթադրում էին, թե նա եղել է թագավորական պալատ և պատկանել է Բագրատունիներին, իսկ երբ պեղումները հայտնաբերեցին  Անիի թագավորական պալատի մնացորդները, այս կարծիքը վերանայվեց ու Ծաղկոցաձորի մոտի պալատը սկսեցին անվանել իշխանական կամ Պարոնի պալատ և վերագրել Զաքարյաններին: Պետք է նշել, որ այդպիսի ճշտումը, առաջին հերթին համապատասխանում է պատմական տվյալներին,  որոնց համաձայն Զաքարյանները Անիում ունեցել են իրենց պալատը: Այդ հաստատվում է և պալատի շենքի ոճական առանձնահատկություններով, որոնք ավելի շուտ բնորոշ են 12-13-րդ դարերին, քան Բագրատունիների շրջանի համար։ [1]

Պարոնի կամ իշխանի պալատը մեզ է հասել ավերված վիճակում. Պահպանվել են միայն դրա պատերի որոշ հատվածներ, նկուղային հարկը, ներքին հարկի կամարակապ առաստաղի որոշ հատվածներ և այլն: Քաղաքի կողմից երկհարկանի, իսկ Ծաղկոցաձորի կողմից` եռահարկ այդ պալատը պեղվել է և նախագիծը կազմվել 1912 թվականի պեղումների ժամանակ: Կառուցված է պարսպի կարմիր քարից, որ պայմանականորեն կոչվում են `աշոտյան քար: [2]

11303751_373474719510717_1406713985_o

Այդ շենքի նշանակության համար Տոկարսկին հայտնել է մի նոր ենթադրություն, որի համաձայն պալատին վերագրվում է հասարակական շենքի դեր: Քանի որ պալատի ուսումնասիրական նյութերը շատ աղքատիկ են, և բացի  հատակագծի մոտավոր չափագրություններից ու մի քանի դրվագներից այլ տվյալներ չկան, ապա դժվար է պնդել թե ինչ նպատակի է ծառայել այն:

Պալատի եռահարկությունն ու մի կողմից էլ երկհարկանի լինելը բացատրվում է նրանով, որ այն տեղամասը, ուր կառուցվել է պալատը թեքությամբ ուղղված էր կիրճի կողմը առաջին հարկի  մասամբ ստորգետնյա և ամենայն հավանականությամբ օժանդակ նշանակության միջնահարկային ծածկը թաղային էր, իսկ մնացած հարկերում, դատելով պատերի մեջ պահպանված բներից` փայտածածկ էր` հեծանների միջոցով:

Չնայելով հատակագծի, ընդհանուր առմամբ ոչ կանոնավոր պարագծին, զգացվում է որոշակի ցանկություն` պալատի հատակագծային լուծման մեջ հասնելու կանոնավորության: Կոմպոզիցիայի կենտրոնում տեղադրված է քառակուսի մի բակ կամ սրահ, որի շուրջը դասավորված են մեծ ու փոքր սենյակներ: Սրանք դռներով կապված էին սրահի հետ: Ստորգետնյա հարկը առաջին` վերգետնյա  հարկի հետ ամենայն հավանականությամբ կապվում էր դնովի սանդուղքի օգնությամբ, որի համար շախմատաձև շարվածքով ու վերևում, սլաքաձև կամարով ծածկված դռան կողքին գոյություն է ունեցել հետագայում շարված մի ներքին վանդակ:

Եթե հիշված բակը ծածկված է եղել, որ թվում է միանգամայն հավանական, քանի որ նրա տակ` առաջին հարկում գտնվել են սենյակներ, ապա այդ ժամանակ Պարոնի պալատի հատակագծային լուծման մեջ կարելի է նշել հատակագծային- ծավալային որոշ նմանություն Վրաստանի Գեգութի պալատին, որը կառուցել է Թամարա թագուհու հայրը 1156 թվականին: Այսպիսի համեմատությունը կարող է ծառայել իբրև մի լրացուցիչ կռվան, հուշարձանի կառուցման ժամանակը ճշտելու և այն հատկապես Զաքարյանների տիրապետության ժամանակներին վերագրելու համար:

Պալատի բոլոր պատերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, գերազանցապես խուլ են, շարված սրբատաշ տուֆով: Ներքին պատերի վրա տեղ-տեղ պահպանվել է սվաղը:

Համեմատաբար հետաքրքիր է լուծված քաղաքի կողմն ուղղված ճակատը: Երեսակալներով շրջանակված կրկնահարկ շքամուտքերը արտահայտիչ կերպով շեշտում են արտաքին պատի այդ նեղ հատվածը, ընդգծելով շենքի նշանակությունը:

11354352_373474692844053_550194688_o

Առաջին հարկի շքամուտքի մեջտեղում զետեղված է մուտքի կամարակապ բացվածքը` շրջապատված նուրբ պրոֆիլավորված ու քանդակազարդ երեսակալով:

Խիստ արտահայտիչ է դռան բացվածքի երեսապատումը, որը կատարված է աստղաձև քանդակազարդ քարերով: Երկրորդ հարկի շքամուտքաձև բացվածքը փաստորեն լուսամուտ է եղել: Շրջանակված երեսակալով և շրջապատված պատի շախմատաձև շարվածքով, սա լուծված է մի քիչ ավելի պարզ ձևով:

Պալատի ներսում եղել է հետագայում շարված մի մուտք, մշակված երկրորդ հարկի բացվածքի նման: [3]

Բոլոր այցելուները առանց բացառության հիացմունքով են խոսում Պարոնի պալատի մասին` այն համարելով Անիի լավագույն ճարտարապետական կոթողներից մեկը: Հարկ ենք համարում վկայակոչել դրանցից երկուսին` Հ. Աբիխի և Լինչի կատարած բնութագրումները: Աբիխը, որ Պարոնի պալատը Բագրատունիների թագավորական պալատ համարող հեղինակներից է, դրա կառուցվածքային առանձնահատկությունների և գեղեցկության մասին գրում է. «Ինչպես քաղաքի մի քանի ուրիշ տեղերում, այնպես էլ այստեղ պետք է զարմանալ, թե կառուցողներն ինչպիսի արվեստով ու հմտությամբ են օգտվել բազմանկյունային հատակագծի ամեն տեսակի տարածականությունից և ինչպես լավ ու գեղեցիկ կերպով այն հարմարեցրել են առաջադրված պահանջին: Տեղանքի ոչ մի ոլորան,  ոչ մի ներս մտնող կամ դուրս ելնող անկյուն արգելքներ չեն հարուցում: Այդ կարգի դժվարությունները դրսից լուծել են գեղեցկության հասարակ օրենքներով, իսկ ներսում դրանցից օգտվել են ներքին սենյակների նպատակահարմար տեղաբաշխման համար...»

Իսկ Լինչը, որ ավելի շատ ուշադրություն է դարձրել ավերված պալատի արտաքին գեղեցկությանը, գրում է.   «Դուք զմայլվում էք պատերի անգերազանց շարվածքով և դռան նուրբ նախշերով: Այդ դուռը Անիի ամենակարևոր առարկաներից մեկն է: Եվ քանի  որ այդ շենքը ջանացել են նույնացնել արքայական պալատի հետ, ապա դրա խճանկարը կողոպտվել է հայ հայրենասերների կողմից, որոնք պոկել են այն և տարել իրենց հետ իբրև հիշատակ...»:

Սարգսի պալատ

Անիի Զաքարյանների ժամանակաշրջանի մեզ հայտնի երկրորդ շքեղ տունը` պալատը, նույնպես կրում է պայմանական անուն: Այն սովորաբար կոչում են Սարգսի տուն կամ Սարգսի պալատ: Այդ պալատը գտնվում էր Գագկաշեն տաճարից հարավ-արևմուտք: Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Սովորաբար այն համարում են 12-13-րդ դարի կառուցվածք:

Մեզ է հասել ավերված վիճակում: Ճակատի վրա ունի հրաշալի հարուստ պատկերներ` նախշազարդ կարմիր աստղերով ու սև ռումբերով:

Պեղվել է 1905 թվականին հատակագիծը վերականգնել է Թորամանյանը: Պալատի խճանկարային նուրբ քանդակազարդ ճակատին, նախշազարդ աստղերով գրված է` Սարգիս: Պալատը կառուցված է դեղին քարից: Ուսումնասիրողները Սարգսին համարել են կամ պալատի տերը կամ կառուցողն ու նախշազարդող վարպետը: Դրանցից հավանական կարելի է համարել երկրորդը, որովհետև սովորաբար հուշարձանների վրա գրվում էին ոչ թե դրանց տերերի, այլ կառուցող վարպետների անունները: Այնպես, որ թվում է թե անհավանական է Տոկարսկու այն ենթադրությունը, ըստ որի խնդրո առարկա պալատն իբր պատկանում էր մեզ հայտնի երկու Սարգիս արքեպիսկոպոսներից ` մեկին ավելի հավանական համարելով, որ դրա տերը եղել է ոչ թե Սարգիս 2-րդը այլ Սարգիս առաջինը, ենթադրելով նաև, որ այդ Սարգիսը կարող էր լինել հարուստ վաճառական, մեծ դրամատեր, կամ գուցե և պարզապես վաշխառու....

Իր կառուցված շենքն էլ` հյուրանոց: Իսկ Մառը ենթադրում է, որ այդ շենքը կարող էր ուղակի լինել Սարգիս առաջինի աթոռանիստը:

Հնարավոր են համարում, որ Սարգսի պալատը կարող է լինել Բագրատունիների շրջանում, իսկ 12-13-րդ դարում ենթարկվել է վերակառուցման կամ վերականգնման:[4]

Աբուլղարիբի պալատ

Նոր քաղաքում գտնվող երրորդ պալատի` Աբուլղարիբի  մասին կան միայն վիմագրական տվյալներ: 1912 թվականի պեղումներից գտնված և 1036 տարով թվագրված արձանագրության մեջ, բացի ջրաղացից հիշատակվում են նաև փրկչի եկեղեցու մոտի պալատի շինարարության մասին: Ըստ պատմական տեղեկությունների, այն վաճառվել է 1072 թվականին: Ալփ-Արսլինը վաճառել է Աբու-լ-Սուվարի որդի Ֆադլունին: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են միայն այս պալատի հիմքերը:

Պաշտպանական համակարգ

Պարիսպներ, բուրգեր, աշտարակներ

Քանի դեռ Կանգուն էր Անին նրա պաշտպանական կառույցները, հատկապես պարիսպները, դրանց բուրգերը, աշտարակները և դարպասները ամրացնելը, նորանոր կառույցներով ավելի ամրակուռ դարձնելը, վերանորոգումները գրեթե մշտապես եղել են ուշադրության առարկա ոչ միայն մեր ազգային իշխանությունների, այլ նույնիսկ օտար տիրապետողների համար, որոնք նույնպես հանգրվանում էին Անիում` դրա հուսալի պաշտպանական պարիսպների հետևում: Ալիշանը նշում է Անիի պարիսպների տարբեր հատվածների երկու-երեք նորոգումների մասին, իսկ Լեոն գրում է, որ  «Անիի պարիսպները շատ անգամ են վերանորոգվել, կարկատվել… Այդ են վկայում նրա պարիսպների վրա մնացած խաչերն ու հայերեն արձանագրությունները»: Օտարների, որոնց թվում և բյուզանդացիների կատարած պաշտպանական կառույցները իրենց մասշտաբներով չնչին էին և չէին խախտում մայրաքաղաքի պարսպապատերի ընդհանուր  «հայկական » բնույթը:

Անիի պաշտպանական համալիրում, չհաշված բագրատունիներին, որ այդ համալիրի ստեղծման հեղինակներն են ամենաեռանդուն ու ծավալուն աշխատանքներ կատարել են Զաքարյաններն իրենց իշխանության մի քանի տասնամյակների ընթացքում, ընդհանուր քաղաքաշինության հետ միասին:

Զաքարյանների օրոք կառուցվել են հսկայական բուրգեր ու աշտարակներ, մի շարք հատվածներում վերանորոգվել են հին պարսպապատերը, հաստատվել նոր շերտերով, իսկ մի քանի հատվածներում էլ կանգնեցվել է պարսպապատի նոր գիծ: Ականատեսների  ու մասնագետների կարծիքով, օրինակ, Զաքարյանների օրոք է Սմբատյան պարիսպի Գայլեձոր- Իգաձոր հատվածը դարձվել կրկնաշարք:

Զաքարյան ժամանակաշրջանի այդ բուռն պարսպաշինությունն ու բուրգաշինությունը` քաղաքի ամրացման համար այդքան եռանդուն գործունությունը Թորամանյանը միանգամայն իրավացիորեն բացատրում է նրանով, որ քաղաքական դրությունը անապահով էր, քաղաքն ամեն րոպե կարող էր ենթարկվել օտարների ներխուժումներին. «Անիի այդ աստիճան ամրակուռ զրահավորումը նույն ժամանակվան անհաստատ և անապահով դրության հետևանքն էր »,-գրում է նա:

11291316_373472192844303_46881512_n

Իսկ այդ աշխատանքները մեծ ծավալ են ստանում գերազանցապես այն պատճառով, որ դրանք կատարվում էին և Զաքարյան իշխանների միջոցով ու նախաձեռնությամբ և  հատկապես, անհատ անձնավորությունների միջոցներով, որոնց նույնպես հովանավորվում էին Զաքարյանները:

Ինքը Զաքարե Սպասալարը աթոռանիստ Անիի պարիսպներում կառուցել է տվել մի քանի բուրգ, իսկ մյուս` ստվար թիվ կազմող բուրգերն ու աշտարակները կառուցվել են այլ անձնավորությունների կողմից: Բուրգերի և պարսպահատվածների կառուցման մեջ անհատների այդ եռանդագին մասնակցության պատճառը Թորամանյանը նույնպես բացատրում է ընդունելի ձևով: Նա այդ առթիվ գրում է.  «Եկեղեցի շինելու նման, Զաքարյան շրջանին, մեծ բարեգործություն է համարվել պարսպամասեր և բուրգեր շինելը, և մասնավոր անհատներ ձգտել են, մեկ կողմանե` իրենց կյանքի ու պաշտպանության համար մյուս կողմե` իբրև հիշատակության հավերժական կոթող, բուրգեր շինել»: Այդ բոլորով հանդերձ, չպետք է ստացվի այն տպավորությունը, թե Անիի ամրացման համար իբր Զաքարյանների ժամանակ ավելի մեծ գործ է կատարվել, քան Բագրատունի թագավորների օրոք: Չէ որ, ինչպես ասվեց քաղաքի պաշտպանության համալիրը, ներառյալ և Ստորերկրյա ու այրային Անի-ները, ստեղծվել էր Բագրատունիների օրոք և Զաքարյաններն այն հասցրել են ավելի կատարյալ աստիճանի: Զաքարյանների օրոք քաղաքի պարիսպներն ունեցել են 80 աշտարակ նույնիսկ 90, որոնցից 55-ը դասավորված էին երկու շարքով, 11 դարպաս կամ դուռ և երեք դռնակ:

Հիմնականում Զաքարյանների ժամանակաշրջանի արտաքին տեսքով է, որ Անիի պաշտպանական պարիսպները ու բուրգերը, տարբեր վիճակում, հասել են մինչև մեր ժամանակները:

Պաշտպանական և ճարտարապետական առումով Զաքարյանների ու քաղաքացիների կառուցած բոլոր բուրգերը ինչ-որ չափով  իրար նման են: Կարծես ճարտարապետն ու զորավարը դրանք կառուցել են համատեղ ջանքերով և հարմոնիկ են քաղաքի պաշտպանական համալիրի կառուցվածքային ու նախագծային առանձնահատկությունների հետ: Ընդ որում` տարբեր ժամանակներում կառուցված պարիսպահատվածները, բուրգերը և պարիսպների քարապատումը իրարից տարբերվում են իրենց շարվածքի ձևերով, քարերի մեծությամբ, պարսպի կամ բուրգի բարձրությամբ և այլն, որով և հնարավոր է դառնում որոշել դրանց կառուցման մոտավոր ժամանակը:

Գերազանցապես կառուցվող բուրգերի ու պարսպապատերի նախագծային ընդհանրությունը նկատի ունենալով Օրբելին գրում է, որ «Անիի բուրգերն ու պարիսպները ամենևին էլ անհատների պատվերով չէին կառուցվում, և նույնիսկ, փաստորեն, ոչ էլ նրանց միջոցներով առանձին և ոչ մեծ հատվածներով, ըստ ընդհանուր նախագծի և քաղաքի կամ պետության միջոցներով մեծ խմբերով ու հատվածներով միաժամանակ: Ապա` ցանկացողներին հնարավորություն էր տրվում գնել այս կամ այն բուրգը, կամ էլ պարիսպի պատամասը, վճարելով կառուցվածի մոտավոր արժեքը և, այսպիսով` ձեռք բերել մեծ իրավունք` պատին նախապես պատրաստված կոթողի վրա շինություն կատարելու մասին իր անունից մակագրություն անել: Այսպիսի գրություններում շինել բառը, բոլորովին կորցնում է իր դրական իմաստը և նշանակում է կառուցվածքի արժեքի միայն վճարում ընդ որում, գուցե կառուցումից շատ ժամանակ անց»։ Օրբելու այդ կարծիքը կարելի է հավանական համարել նկատի ունենալով վերև նշված հանգամանքները:

Կառուցողական այդ հիշատագիր-վիմագիր արձանագրությունները, որոնք բացառապես վերաբերում են քաղաքի պաշտպանական համալիրին` պարիսպներին, բուրգերին ու դռներին, բովանդակությամբ իրար հարմար ու նման են: Դրանցում նշվում են բուրգի, պարսպի, դռան կամ պարսպապատի որևէ հատվածի կառուցման թվականը, կառուցողը, այսինքն` այն անձնավորության կամ անձնավորությունների անունները, որոնց միջոցներով կատարվել է տվյալ կառուցումը, ում հիշատակին է նվիրված տվյալ կառույցը, վերջում ավելացնելով իրեն թողած հիշատագիրը կարդացողներին ուղված խոսքերը` իրենց առհավետ հիշելու խնդրանքով:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել