Ճանապարհորդել բոլորն են ցանկանում, սակայն հաճախ դա միայն երազանք է մնում, քանի որ այդպես էլ չի հաջողվում գումար տնտեսել դրա համար։ Ինչևէ, անհնարին ոչինչ չկա, իսկ առաջին քայլը ճանապարհորդելու ծրագիրն առաջնահերթություն համարելն է:
Ախր ես մինիմալ աշխատավարձ եմ ստանում (ես ուսանող եմ, ես նույնիսկ սեփական տուն չունեմ, սոցիալական նպաստի շնորհիվ եմ գոյատևում...), ինչ էլ անեմ, չեմ կարողանա ճամփորդել։

Իսկ եթե ասենք, որ կարող ես. ինչպե՞ս.

 1  Ժամանակավոր աշխատանք գտիր արտերկրում։ Եթե չես կարողանում բավարար գումար վաստակել քո աշխատանքով. ինչո՞ւ չփորձել աշխատանք գտնել արտերկրում։ Նախ, սակայն, պետք է գիտակցես, որ սա ոչ թե կարիերա ստեղծելու, այլ պարզապես ճամփորդելու և գրպանում փող ունենալու համար է։
Աշխատել ու ճամփորդել կարող եք Au pair-ի միջոցով, ինչպես օրինակ այս հայուհին, ով բոլորի հետ կիսվել է իր փորձով ու խորհուրդներով։
Ի՞նչ գործով կարող եք զբաղվել։ Կարող եք աշխատեք գտնել հյուրատներում, ֆերմաներում (որը հատկապես Նոր Զելանդիայում է տարածված), շրջագայող նավերում, ի վերջո կարող եք ինչ-որ բան դասավանդել՝ Ձեր կարողություններով ու հմտություններով կիսվելով։ Օրինակ՝ կարող եք լեզուներ դասավանդել, երաժշտական գործիք նվագել, պարել սովորեցնել կամ էլ մեկ այլ բան։ Մարդիկ ամենուր էլ սիրում են ինչ-որ նոր բան սովորել, իսկ դու կարող ես դա անել՝ միաժամանակ ճամփորդելով, նոր փորձառություններ ապրելով ու մի փոքր էլ գումար վաստակելով։

Ահա մի քանի կայքեր, որոնք կարող են օգնել արտերկրում աշխատանք գտնելու հարցում։

 2  Կամավոր աշխատանք։ Շատ դեպքերում կամավոր աշխատանքի համար դու վարձատրություն  չես ստանա, սակայն փոխարենը դու անմոռանալի կենսափորձ, անվճար սենյակ ու ուղևորություն կարող ես ստանալ, որը նույնն է, թե վարձատրվես, եթե իհարկե ցանկանում ես ճամփորդել ու նոր վայրեր տեսնել։ Կամավոր աշխատանք գտնելու համար ահա երկու հարմար կայքեր՝

 3  Անվճար հյուրընկալողներ։ Couchsurf ծառայությունը հնարավորություն է տալիս կապ պահպանել այն տեղացիների հետ, ովքեր ցանկանում են անվճար հյուրընկալել օտարերկրացի ճանապարհորդներին։ Այս կայքից օգտվելով՝ դու կարող ես խուսափել հյուրանոցում կամ հյուրատներում գիշերելու համար գումար ծախսելուց։ Իհարկե այսպես քեզ ճոխություններ չեն սպասում, սակայն միշտ հետաքրքիր, բարյացակամ մարդկանց կհանդիպես, ովքեր պատրաստ են բոլորովին անվճար փոքրիկ անկյուն տրամադրել։ Այսպես դու նաև արագ ընկերներ ձեռք կբերես նոր վայրում։ Նմանատիպ ծառայություններ են առաջարկում նաև Servas և Hospitality Club կայքերը, սակայն Couchsurf-ն ամենաշատ դրական արձագանքներ հավաքած կայքն է։

 4  Ավտոստոպ։ Ավտոստոպով ճամփորդելը բավականին տարածված է աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Կենտրոնական Ամերիկայում, Սկանդինավիայում, Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Չնայած Հայաստանը փոքր է, սակայն միայն այս փոքրիկ հողակտորի տարածքում այնքան հետաքրքիր վայրեր կան, որոնք դու դեռ չես հասցրել տեսնել, իսկ փորձե՞լ ես ավտոստոպով ճամփորդելը հենց Հայաստանի տարածքում։

 5  Անվճար շրջագայություններ։ Աշխարհի շատ քաղաքներում անվճար շրջագայություններ են կազմակերպվում մարդկանց համար։ Եվրոպական գրեթե բոլոր խոշոր քաղաքներում դու հնարավորություն կունենաս օգտվելու այս ծառայություններից։

 6  Տնպահ դառնալ։ Իսկ գիտե՞ս, որ շատ վայրերում, երբ մարդիկ ճամփորդում են, իրենց տունը հանձնում են տնպահների։ Դու կարող ես գրանցվել այսպիսի կայքում, օգնել ճամփորդող ինչ-որ մեկին՝ հետևելով նրա տանն ու միաժամանակ ինքդ անվճար տանիք ունենալով ճամփորդելու ընթացքում։ Հետաքրքի՞ր տարբերակ է, ուրեմն կարող ես ստուգել այս կայքերը։

 7  Հյուրատներ։ Հյուրանոցներում գիշերելը բավականին ծախսատար է, սակայն գոյություն ունեն հյուրատներ, որոնք շատ ավելի մատչելի են ու հրաշալի միջոց գումար խնայելու համար։ Աշխարհի տարբեր անկյուններում հյուրատներ գտնելու և տեղ ամրագրելու համար կարող ես ստուգել այս կայքերը HostelworldHostelbookers։

 8  Ուսանողական զեղչի քարտեր օգտագործելը։ Եթե մինչև 26 տարեկան ես, ուսանող ես կամ ուսուցիչ, կարող ես մինչև 50 տոկոս զեղչեր ստանալ՝ օգտվելով հատուկ քարտերից։ Այսպիսի քարտեր կարող ես գտնել այստեղ՝ statravel ։

Գաղտնիք - Ազատվիր այն կարծրատիպային մտածելակերպից, որ ճամփորդելը սահմանափակվում է ինքնաթիռի տոմս գնելով ու հյուրանոցում տեղեր ամրագրելով։ Բաց ու համարձակ եղիր ու մի՛ վախեցիր ոչ ավանդական ճանապարհներով աշխարհը տեսնելու հնարավորությունից։ Սկսիր փոքրիկ խնայողություններ անել այս պահից ու փորձիր հետաքրքիր տարբերակ գտնել, ստեղծարար եղիր ու գործիր։ Եթե մյուսներն անում են դա, ինչո՞ւ դու չես կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել