Կազինոն ասես ականապատ դաշտ լինի, քանի որ կազինոյում ամեն ինչ, այդ թվում նաև դիզայնն ու ճարտարապետական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի հնարավորինս երկար պահեն այցելուներին, որպեսզի վերջիններս հնարավորինս շատ գումար ծախսեն։ Ու թեև գրեթե բոլոր երկրներում կազինոները պարտավոր են եկամուտի առյուծի բաժինն ուղղել շահումներին, ինչպես նաև հսկայական հարկեր են մուծում պետությանը, միևնույն է, կազինոն ՄԻՇՏ, լսո՞ւմ եք՝ ՄԻՇՏ շահույթով է դուրս գալիս, իսկ կազինոների բիզնեսը միշտ եղել է ու կա ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն աշխարհում։

Ի՞նչ հնարքներ է կիրառում կազինոն, որպեսզի ապահովի իր շահույթը, ու ինչպե՞ս է ստացվում, որ կազինոն մեծ հաշվով միշտ հաղթող է դուրս գալիս։ Այդ հնարքների մեծ մասը մարդկանց աչքերի առաջ է, բայց նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են դրանք ազդում իրենց հոգեբանության վրա։ Կարելի է ասել, որ կազինոների խաբեությունը կայանում է նրանում, որ կիրառվում են բոլոր հնարավոր հնարքները, որպեսզի մարդիկ հնարավորինս երկար ու շատ խաղան և միևնույն ժամանակ հնարավորինս ցածր շանսեր ունենան հաղթելու։ Ահա այդ հնարքները։

Դուք երբեք չեք տեսնի ժամացույցներ

Զարմանալի է, բայց շատ մարդիկ ժամացույցներ չեն կրում, և կազինոները, քաջատեղյակ լինելով դրա մասին, ամենևին չեն շտապում ուղղել այդ «սխալը»։ Երբ մարդիկ կլանված են խաղով, նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում ժամանակին, ու այն արագ է թռչում նրանց համար։ Բացի դրանից, ժամանակի ընկալման բացակայությունը նպասում է նրան, որ խաղացողներն ավելի խորն են ընկղմվում երևակայության մեջ։ Ի դեպ, ժամացույցներ չեն կրում նաև դիլերները։

Դռների ու պատուհանների բացակայություն

Կազինոների մեծամասամբ պատուհաններ կարող են լինել մուտքի ու ելքի մոտ, բայց հենց Դուք հայտնվեք ներսում, մեծ դժվարությամբ կգտնեք այլ պատուհաններ։ Այս մարտավարությունը շատ նման է ժամացույցների բացակայության հնարքին, քանի որ ևս կոչված է բթացնելու մարդկանց մոտ ժամանակի ընկալումը։ Երբ Դուք ներսում եք, կազինոն չի ցանկանում, որպեսզի Դուք իմանաք, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում։ Դուք չեք տեսնում, թե ինչպես է մթնում կամ էլ ընդհակառակը՝ լուսանում, հետևաբար Ձեր ներքին ժամացույցը չի կարողական հուշել Ձեզ, որ ժամանակն է ինչ-որ այլ բանով զբաղվելու։

Ամեն ինչ վառ է, բարձր ու տոնական

Կազինոներում միշտ կակաֆոնիա է տիրում. լույսեր, խաղային ավտոմատների ձայներ, հաղթական ելևէջներ և այլն։ Սա մարդու ենթագիտակցության մեջ պատրանք է ստեղծում, որ շուրջբոլորը հաղթանակ է, ու բոլորը հաղթում են՝ չնայած նրան, որ իրականում պատկերը հակառակն է՝ մեծամասնությունը պարտվում է։ Անգամ եթե մարդը պարտվել է խաղային ավտոմատի առջև, այն, միևնույն է, տոնական հնչյուններ է հանում ու ստիպում է մարդուն վերադառնալ խաղին։ Մեր ենթագիտակցությանն ազդակ է ուղարկվում, որ այս «հիասքանչ» վայրում անհնար է պարտվել, և որքան էլ մարդը փորձառու ու հմուտ լինի, նա չի կարող երաշխիքներ ունենալ, որ ինչ-որ մի պահից սկսած՝ իր վրա այդ ամենը չի ազդի։

Հարմարավետության մթնոլորտ

Դուք երբևիցե նկատե՞լ եք, թե ինչ թույլ լուսավորություն է տիրում կազինոներում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մարդու մոտ ստեղծեն տնական-ընկերական մթնոլորտ, ասես նա այդ պահին ոչ թե կազինոյում է, այլ նստած է իր տան բազմոցին։ Վառ լուսավորությունը կարող է լարել մարդուն, իսկ ավելի մեղմ լույսն անվտանգության զգացում է ստեղծում խաղացողի մոտ։

Կազինոներում, որպես կանոն, հատակը գորգերով է ծածկված, և դա ևս պատահական բան չէ։ Շատերը կասեն, որ այդ խայտաբղետ ու անհասկանալի նախշերով գորգերն անճաշակ են, սակայն դրանք կախարդական ազդեցություն են ունենում մեր ուղեղի վրա ու հաճելի են աչքերի համար։ Բացի դրանից, կազինոների պատերը, որպես կանոն, կարմիր են լինում, ինչն իր հերթին հարմարավետության պատրանք է ստեղծում։ Կազինոներում նաև մշտապես նվագում են մեղմ երաժշտություն, որն էլ ավելի է նպաստում խաղացողին տրանսի մեջ գցելուն։ Եվ իհարկե, հարմարավետության հավելյալ պայմանը մաքրությունն է, և կազինոն մշտապես հետևում է ինչպես տարածքի, այնպես էլ աշխատակիցների կոկիկ ու մաքուր տեսքին։

Ծառայությունների դասավորվածություն

Եթե Դուք ցանկանաք զուգարանից օգտվել, ինչ-որ բան ուտել կամ էլ հավաքագրել Ձեր շահումը, Դուք պետք է խորանաք դեպի կազինոյի խորքերը։ Հաճախ այդ բոլոր ծառայություններն այնքան խորն են տեղակայված, որքան դա թույլ է տալիս կազինոյի շինությունը։ Այս ամենը ևս արվում է զուտ նրա համար, որպեսզի մարդկանց հնարավորինս երկար պահեն ներսում, ինչպես նաև նրա համար, որ ընդհուպ մինչև ելքին հասնելը Ձեզ անընդհատ գրավեն ու գրավեն այդ հմայիչ սեղաններն ու խաղային ապարատները։

Մոտալուտ հաղթանակ

Խաղացողին շահագրգռելու ավելի լավ ձև չկա, քան թույլ տալու նրան զգալ մոտալուտ հաղթանակի համը, սակայն եթե կազինոն աջուձախ փողեր բաժաներ, ապա այն կփակվեր բացման առաջին իսկ օրը։ Յուրաքանչյուր խաղ, յուրաքանչյուր խաղային ապարատ նախատեսված է շահումներ տալու կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետ հեռանկարում Դուք պարտվում եք։ Այսպես, սլոտ-մեքենաները պարբերաբար տալիս են մանր շահումներ, բայց Ձեզ անընդհատ չի հերիքում մեկ «բալ»՝ ջեք-փոթը շահելու համար։ Բլեք-ջեք խաղացողները մերթընդմերթ հաղթում են, ու դա նրանց մոտ հաղթանակի պատրանք է ստեղծում, մինչդեռ կազինոյի առավելությունը նրանում է, որ երկար խաղի ժամանակ այն միշտ էլ հաղթելու է։ Զառ գցելու ժամանակ խաղացողին թվում է, թե ամեն ինչ իրենից է կախված, ու դա կրկին պատրանք է, որը ստիպում է ավելի շատ խաղալ ու ավելի շատ պարտվել։ Խաղացողները հիմնականում գերագնահատում են իրենց շանսերն ու հաղթելու հավանականությունը, իսկ կազինոները, թույլ տալով խաղացողներին զգալ հաղթանակի համը, երաշխավորում են, որ վաղն այդ խաղացողը կվերադառնա ու կպարտվի անգամներով ավելի շատ, քան հաղթել էր։

Անվճար հյուրասիրություն

Անվճար ու զեղչված ծառայությունները հանդիսանում են կենսական էներգիայի աղբյուր։ Կազինոյի հաճախորդներին կարող են անվճար սնունդ տրամադրել շվեդական սեղանի տեսքով, շոուներ և նվերներ, որոնք թույլ են տալիս մասնակցել այլ նվերների խաղարկությանը։ Այս կերպ կազինոն ամեն գնով ջանում է այնպես անել, որ հաճախորդը կրկին այցելի։ Բացի դրանից, շնորհիվ սրա՝ ամեն խաղացող իրեն կարևորված է զգում, անգամ եթե ինքը մանր դրույքներ է անում և նույնիսկ երբ պարտվում է, նրա մոտ ցանկություն է լինում վերադառնալու, որպեսզի ինչ-որ նոր անվճար բան ստանա։ Որքան էլ տարօրինակ հնչի, սա որոշիչ նշանակություն ունի կազինոյի համար, քանի որ հենց այդ փոքր խաղադրույքներ անող այցելուներն են ապահովում կազինոների եկամտի առյուծի բաժինը։

Ալկոհոլ

Ալկոհոլը ևս կարելի էր ներառել նախորդ կետում, քանի որ այն ևս անվճար է, բայց դրա դերակատարությունն այնքան մեծ է, որ այն պետք է որպես առանձին կետ դիտարկել։ Անվճար ալկոհոլը միանգամից մի քանի «գործ է անում». նախ՝ անվճար է, հետո՝ գինովցած վիճակում նույնիսկ խելացի մարդը սկսում է ավելի վատ խաղալ, և վերջապես երրորդ գործոնը նրանում է, որ այն բթացնում է Ձեր աչալրջությունը, և հարբած մարդն ավելի հեշտ է տրվում կազինոյի բոլոր խաբկանքներին։

Հաղթողներին պահելու հնարքներ

Չնայած նրան, որ կազինոյի համար առավել կարևոր են մանր խաղացողները, դա չի նշանակում, որ հայ-րոլլերներին, այսինքն՝ խոշոր դրույքներով խաղացողներին, կարևորություն չի տրվում։ Նման խաղացողներին, ովքեր խոշոր շահումներ են գրանցել, վերաբերվում են ասես արքաների։ Նրանց առաջարկներ են անում, որոնցից նրանք ի զորու չեն հրաժարվել, ու որքան ավելի երկար է մնում կազինոյում շահած խաղացողը, այնքան ավելի շատ գումար է նա թողնում այնտեղ։ Կազինոն կարող է գումար ծախսել նրան լյուքս համարում բնակեցնելու համար, բայց կազինոն կվերադարձնի իր այդ ծախսերը, եթե շահողը նորից սկսի խաղալ։ Ու բացի նրանից, որ կազինոն այս կերպ եկամտային ներդրում է անում, այն նաև փաստացի անվճար գովազդ ու մարկետինգ է անում՝ ցույց տալով այլ հայ-րոլլերներին, թե ինչպես են իրենց վերաբերվելու հաղթելու դեպքում։

Լաբիրինթոս հիշեցնող ճարտարապետություն

Ամենահայտնի կազինոներն իրենցից հսկայական լաբիրինթոսներ են ներկայացնում, որոնք հատուկ այնպես են կառուցվել, որպեսզի հնարավորինս շփոթեցնեն Ձեզ։ Բազմաթիվ սեղաններն ու խաղային սարքերը յուրահատուկ պատնեշներ են կազմում հատուկ նրա համար, որպեսզի այցելուին հնարավորս դժվար լինի լքել կազինոն։ Չկա ոչ մի տրամաբանական դասավորվածություն. խաղային սարքերի գոտին կարող է լինել ինչ-որ տեղ, որից հարյուր մետր հեռու կարող է լինել նույնանման գոտի, և արդյունքում մարդը, ով հիշում էր, որ ելքը պոկերի սարքերի մոտ էր, չի գտնում այն, որովհետև չգիտեր, որ պոկերի նույնանման սարքերի գոտի մի քանի հատ կար։

Ազարտի մաթեմատիկա

Կազինոները շահույթ են ստանում՝ շնորհիվ մաթեմատիկական սպասելիքի ու նշանակված դրույքի տարբերության. որքան ավելի շատ է խաղացված խաղերի քանակը, այնքան ավելի մեծ է եկամուտը։ Բացատրենք սա պտտախաղի օրինակով. եվրոպական պտտախաղում կազինոյի առավելությունը կազմում է 2,7 տոկոս, իսկ ամերիկյանում՝ հավելյալ 0-ի պատճառով այդ ցուցանիշը 5.26 տոկոս է։ Եթե ինչ-որ խաղացող Եվրոպայում 37 անգամ հարյուր դոլարանոց խաղադրույք կատարի, ապա նա, տեսականորեն, վերջում կավարտի խաղը 100 դոլարի կորստով, քանի որ գոնե մեկ անգամ 0 ընկնելու հավանականությունը մոտ է 1-ի։

Հասկանալի է, որ իրական խաղում ամեն ինչ այլ կերպ կարող է դասավորվել, բայց այս տեսական ու փաստացի շահումների ցուցանիշները մոտենում են ուղիղ համեմատական խաղացված խաղերի քանակին, և հենց այստեղ էլ թաքնված է կազինոներին եկամուտ ապահովող գլխավոր նրբությունը. ի տարբերություն անհատ խաղացողի՝ կազինոն երբեք չի դադարում խաղալ ու միաժամանակ խաղում է տասնյակ ու հարյուրավոր անհատ խաղացողների հետ, ու նույնիսկ եթե որոշ անհատներ շահում են որոշ խաղերում, ապա, միևնույն է, տասնապատիկ շատ անհատներ պարտվում են, ինչպես նաև ի վերջո պարտվում են նաև հաղթողները։ Հաշվարկված է, որ կազինո մտած մարդը խաղն ավարտելու պահին միջինում ունենում է 5 տոկոսով ավելի քիչ գումար, քան մինչև խաղը սկսել է։

Մեծ թվերի օրենքը, համաձայն որի՝ որքան ավելի շատ է խաղացված խաղերի քանակը, այնքան ավելի կանխատեսելի է արդյունքը, աշխատում է անխափան, և հենց սա է հանդիսանում կազինոների սեփականատերերի եկամուտների հիմքերի հիմքը։ Արդյունքում օրվա սկզբում կազինոն կարող է նույնիսկ վնասով դուրս գալ, բայց օրվա, շաբաթվա, ամսվա վերջին, երբ հազար ու տասնյակ հազար խաղեր խաղացված կլինեն, կազինոն կստանա այցելուների գումարի իր հասանելի մասը և մշտապես հաղթող կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել