Կա բանջարեղենի մի քանի տեսակ, որոնք նախընտրելի է ուտել միայն հում վիճակում: Այդպես դրանք ավելի օգտակար են: Սննդաբան Հելեն Բոնդը պատմել է դրանց մասին:

Բրոկոլի

 Շատերը բրոկոլին սուպերմթերք են համարում, որը մեծ քանակությամբ սուլֆորաֆան է պարունակում՝ քաղցկեղի դեմ պայքարող նյութ: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այս նյութը ո՛չ միայն սպանում է նախաքաղցկեղային բջիջները, այլ նաև թույլ չի տալիս դրանց բազմանալ և այդպես նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Քանի որ ջերմային մշակման արդյունքում կարող են ոչնչանալ բրոկոլիում պարունակվող որոշ օգտակար նյութեր, այն ավելի նախընտրելի է հում ուտել:

Սպանախ

Սպանախում բազմաթիվ վիտամիններ ու միներալներ են պարունակվում, որոնք թույլ են տալիս կարգավորել զարկերակային ճնշումը և ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նաև ոսկրերն ավելի ամուր դարձնել:

Ջերմային մշակման արդյունքում այս նյութերի մեծ մասը քայքայվում է: Այդ պատճառով սպանախը ևս նախընտրելի է հում օգտագործել: Կարելի է այն ավելացնել, օրինակ, սալաթի մեջ:

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղը հարուստ է վիտամին C-ով: Դրա մեջ այն նույնիսկ ավելի շատ է, քան նարնջում: Բայց, քանի որ այս վիտամինը կայուն չէ ջերմության նկատմամբ, եփել կամ տապակել կարմիր պղպեղը խորհուրդ չի տրվում:

Կալե

Կալեն հարուստ է A և C վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար, ինչպես նաև՝ ֆոլաթթվով, որն ամրապնդում է իմունային և նյարդային համակարգն ու բարելավում կոգնիտիվ գործառույթները:

Կալեն ևս նախընտրելի է հում ուտել, այլապես այն կարող է կորցնել օգտակար հատկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել