Ընդդիմության կոլապսը հաճախ ծնում է նոր քաղաքական շոումեններ, սակայն վերջիններիս հեղինակային շոուները հիմնականում ունենում են թույլ բովանդակություն: Քաղաքական պարապուրդի պայմաններում նման երևույթների առկայությունը տրամաբանական է: 
Նմանօրինակ թատերական բեմադրությունների ականատես եղանք պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Վերջին օրերին Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական անձնակազմը, մեկը մյուսին հերթ չտալով, լսումների ժամանակ աղմուկ էին բարձրացրել, թե որոշ երեխաների մանկատներից տանում են և օրավարձով ստիպում մուրացկանություն անել: ԲՀԿ-ականները միայն հայտարարում են, թե գիտեն կոնկրետ անուններ և այլն, բայց ոչ մի փաստ չեն ներկայացնում:
Տրամաբանական է, որ Բարգավաճը խոսում է մուրացկանների թեմայով, սակայն արդյո՞ք սա այն հարցն էր, որը պետք է օգտագործվեր՝ քաղաքական «տարադրամներ» հավաքելու համար:

Այստեղ երկու հետաքրքիր դիտարկում կա: 
Նախ՝ պետք է հասկանալ, եթե ԲՀԿ-ն տեղյակ էր այս սկանդալի բոլոր մանրամասնություններից, ապա ինչո՞ւ վաղուց չէր խոսում դրա մասին… թաքցնո՞ւմ էր: Չէ՞ որ սա հանցագործություն է, և եթե պատգամավորները տեղեկացված էին դրա մասին, ապա պետք էր այն ավելի վաղ ներկայացնել: 
Եվ երկրորդ. ստացվում է, որ տեղյակ լինելով հանցագործությունների մասին՝ ԲՀԿ-ական պատգամավորները պարտադիր ներկայանում են կառավարության կատարողականի վերաբերյալ քննարկումների ժամանակ: Իսկ մի՞թե ուրիշ հարմար պահ հնարավոր չէր գտնել: 
Դե հասկանալի է, որ որոշ ուժեր հանրային ցանկացած թեմա դիտարկում են որպես հերթական շոուի պոտենցիալ սցենար:

Լավ, ենթադրենք թե Բարգավաճը ցանկանում է այս հարցին անհապաղ լուծում տալ: Այդ դեպքում ևս մի հարց: Սոցապ նախարարությունն արդեն մի քանի օր է՝ հայտարարում է, որ նմանօրինակ ինֆորմացիայի չի տիրապետում, իսկ ինչո՞ւ խորհրդարանի «Ռոբին Հուդ» խմբակցությունից ոչ ոք փաստեր չի ներկայացնում, թե հարգելի նախարարություն, ահա թե ինչ, որտեղ և երբ են կատարում հանցագործությունները:

Կարծում եմ, որ պատգամավորների ամեն հայտարարություն պետք է հիմնավորված լինի, որպեսզի հետո այնպես չստացվի, որ ոմն պոտենցիալ ընտրող՝ Սովետական Միության ժամանակ պահեստապետ աշխատած Գարեգին պապիկը, ինչ-որ բան էր լսել ականջի ծայրով, իսկ համարձակ ԲՀԿ-ական պատգամավորներն էլ խոստացել էին բարձրաձայնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել