Կառավարության մայիսի 27-ի որոշման մասին սկզբում չէի ուզում գրել, բայց ախր, սիրտս ցավում է.... 
Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ՝ կառավարությունը որոշում կայացրեց Երևանի Չարենց 75 հասցեում Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի 3-րդ և 4-րդ հարկերը (608.7 քառ.մետր) 105 հազար 770 դրամով, հետ վերցնել դպրոցից և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց ՍՊԸ-ին: 
Ես սովորել եմ այդ դպրոցում, հիմա էլ աղջիկս է սովորում, ուստի ավելորդ եմ համարում դպրոցի դրվածքի կամ մանկավարժների որակի մասին խոսելը: Վատը լիներ` երեխայից չէի տանի: Իմ սովորելու խորհրդային լճացման տարիներին 10 դպրոցը հայագիտական թեքումով էր: Մինչև հիմա ականջիս է Գեղամ Սևանի ձայնը Պետոս Դուրյանի մասին խոսելիս, մեր գրականության բաց դասերը, ասմունքի մրցույթները, գրական ստեղծագործությունների ոչ գրքային, այլ սեփական վերլուծություններն ու քննարկումները: Համատարած ռեպետիտորական պրակտիկային հակառակ, հայոց լեզվի բացառապես դպրոցից ստացած գիտելիքն ինձ բավարարեց բուհ ընդունվել: Լճացած Սովետների երկրում այդ դպրոցը կոչվում էր Բաքվի 26 կոմիսարների անվան, բայց ներսում մարդիկ, որոնց միակ դավանանքը հավատարմությունն էր մասնագիտությանը, սովորեցնում էին Առաջին հանրապետության դասերը, պատմում էին Հայկական հարցի մասին. մենք կանգնում էինք Բաքվի 26 կոմիսարների նկարի տակ, բայց «Անլռելի զանգակատուն» էինք արտասանում: Այսօր այդ նույն դպրոցը կրում է Խրիմյան Հայրիկի անունը, բայց ներսում խոսելու են ռուսերեն.... առայժմ միայն 3-րդ և 4-րդ հարկերում... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել