Երևան-Սևան մայրուղին մեր ամենակարևոր, ամենածանրաբեռնված զբոսաշրջային երթուղին է, և պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Կառավարության, համապատասխան նախարարությունների, Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետարանների պաշտոնյաները հավանաբար այդտեղով չեն անցնում, նրանք շատ զբաղված են, չեն հանգստանում…
Հետաքրքիր է՝ այդ պաշտոնյաները, եթե զբոսաշրջիկների հետ հայտնվեն «չայնիի» ոլորաններում, Խաչատուր Հակոբյանի քանդակած «պառկած աղջկա» կամ Չարենցավանի մոտի Դավիթ Բեկջանյանի «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ թալանված, «տանջահար» արված, հայկական ծագումով թաթար-սելջուկների արշավանքներին չդիմացած արձանների մոտ, ինչպե՞ս կբացատրեն, թե ինչու են այդ վիճակում, ինչու են լլկված, և ինչ են խորհրդանշում…
Պետք է ասեն՝ բռնաբարված, տանջահար արված հայ կնոջ արձա՞նն է… Ի՞նչ անուն են տալու այդ ամենին, ինչպե՞ս են բնութագրելու կամ իրենց լեզվով ասած «կրուտիտ» անելու…
Լավ, մեկն ու մեկը թասիբ չունի՞ վերանորոգի, հետն էլ գովազդվի, հսկողություն իրականացնի կամ տեսախցիկներ տեղադրի, տեսնենք՝ հազարամյա մշակույթ ունեցող ազգի ո՞ր շան տղա ներկայացուցիչն է թրքանում ու թալանում, ավիրում ու մոլագար պիգմալիոնի նման լլկում այդ արձանները… Գոնե հիմա, երբ զբոսաշրջության սեզոնն է սկսում, գուցե պետք է շտապ ինչ-որ բա՞ն նախաձեռնել, վերանորոգել, վերակառուցել…
Եվ հաջորդը…
Աստված կսիրեք, կանոնակարգեք, մի բան ձեռնարկեք, մի՛ թույլատրեք՝ սպիտակ քարերով մայրուղուն հարող բլրակները «զարդարեն» անգրագետ, անճաշակ գովազդներով, կուսակցությունների, սիրած աղջիկների անուներով…
Գեղեցիկ չէ, սիրուն չէ, շատ անճաշակ է… Ինչպես հիմա են շատ նշում` հայեցի չէ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել