«Օրենքով գող» արտահայտությունն առաջացել է նախորդ դարաշրջանի սկզբներին և զարգացել խորհրդային տարիներին: 
Օրենքով գողերը նրանք են, ովքեր շատ հանգիստ կարողանում են լուծել հանցագործ աշխարհի լուրջ, կարևոր, արմատական հարցերն ու խնդիրները: Կարողանում են կառավարել ազատազրկման վայրերը, որտեղ կյանքը դաժան է, բարդ և անտանելի:
Վերջին տարիներին` հետխորհրդային ժամանակաշրջանում, օրենքով գողերի ձայնը հասնում էր մինչև իշխանության տարբեր մակարդակների: Ճկուն և խելացի մտքի տեր լինելով՝ նրանք դարձել էին հզոր և իրական ուժ: Կարողանում էին ոչ միայն կարգավորել ներքին հարցերը, այլ նաև ներազդում էին զանազան հասարակական, տնտեսական և տարաբնույթ պրոբլեմների վրա: Այսօր ևս օրենքով գողերն առաջվա նման քրեականների առանձնահատուկ, էլիտար կատեգորիան են, «գողական ընկերակցությունը» բնորոշողները:
Նրանք հանդիսանում են այսպես կոչված իրավապաշտպանները զոնի ներսում և դրսում, վերահսկելով «օբշակի» գանձարկղը` հանդիսանում են որպես երրորդային դատավորներ: Գողերը կոորդինացնում են կալանավորների խմբերի գործունեությունը, իսկ երբեմն նաև վերահսկում բանտային վարչակազմին: Ունենալով ուժեղ կամք և ամուր նյարդեր, առաջնորդվելով իրենց օրենքներով՝ նրանք առանց դժվարության ու ջանքերի իրենց են ենթարկում ողջ հանցագործ աշխարհը, որը բաժանված է երեք հիմնական տեսակների` քաղաքական, տնտեսական և քրեական: Օրենքով գող ամեն մեկը չի կարող դառնալ, ընտրելիս խստորեն առաջնորդվում են կանոնադրությամբ: Սակայն, ինչպես հասարակության մեջ, այնտեղ ևս ոչ հաճախ, բայց լինում են նաև բացառիկ հովանավորչություններ:
Օրենքով գողերին «կառավարելու», նրանց հետ համագործակցելու նպատակով օգտագործվում էր և օգտագործվում է նախկին ՊԱԿ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության, բանտերի, ուղղիչ գաղութների արխիվային փաստաթղթերն ու օպերատիվ տեղեկությունները: Հետխորհրդային տարիների «բարդակին», «բեսպրեդելին», հանցագործ աշխարհի լկտիությանը, հանցագործությունների աճին ու ամենաթողության «գինարբուքին» պետք է վերջ տրվեր: Նախկին խորհրդային հանրապետությունների վրա բնականաբար ազդում էր Ռուսաստանում տիրող այդ վիճակն ու նրա թուլացումը համաշխարհային թատերաբեմում` թե′ ներքին, թե′ արտաքին քաղաքականության առումով:
Այդ պայմաններում, հանցագործ աշխարհը բառացիորեն տիրապետում էր երկրին: Ռուսաստանում տիրող իրավիճակը, իհարկե, կտրուկ փոխվեց Վ.Պուտինի՝ նախագահ ընտրվելուց հետո: Պուտինն իր իշխանության գալու առաջին իսկ օրերից ամեն ինչ արեց Ռուսաստանի դերը բարձրացնելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ: Նրան հաջողվեց կանգնեցնել հանցագործ աշխարհի, նրանց հեղինակությունների օրեցօր աճող ախորժակն ու թափանիվը…
Բայց ասել, թե օրենքով գողերը վերացել են կամ անհրաժեշտ դերակատարում չունեն, չենք կարող: Ուղղակի նրանք համեմատաբար դարձել են ավելի տեսանելի ու կառավարելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել