Քամի, ես այսօր քեզ լույս եմ շնորհում, որ վառվես սեփական բույրից, ես քեզ երգ եմ շնորհում, որ փշրվես ինքդ քո շքեղությունից, քեզ իմ հույսն եմ նետում, որ փափագես իմ կորցրած երազները, տանես քեզ հետ, քամի...
Ծովացել է շուրջս, կաթնագույնս խամրել կամ էլ վառվել է, քամի, շղարշել ես ճանապարհս, ես միայնակ եմ, քամի, տրորել ես ամենը, ինչ թողել էի քեզ:
Թե հպվել ես երկնքին, գիտես` կարոտներ են ապրում նրանում, դրանք ժամանակ առ ժամանակ թափվում են վերևից, որ մենք չանզգայանանք դրանց օտարումից, իսկ մենք, հակառակ զգալուն, փշրում ենք, քամի, բեր ինձ երկնքից պոկված կարոտները, ետ բեր զգացմունքները, ես շնչելը մոռացել եմ, դարձել եմ քո մի մասը, քամի, քո ստվերը, կամ էլ դու՝ իմ...
Ասա, ինչպե՞ս վերադառնամ իմ ամայի մենությունից, ինչպե՞ս գրկեմ վաղուց լքված անկյունները, կիսաստվեր արևի շողերը, ես ինքս ինձ գրկելը մոռացել եմ, քամի, ես փշրվել եմ քո ներկայում, ինքս իմ անցյալում, կարոտիս բջջում, մտքերիս մթում, տառերիս խորքում, քամի...
Լռել եմ, որ պարդ կանգ չառնի, սիրտս կանգ է առել, որ երգդ չդանդաղի, քայլս քարացել է, որ առաջ չանցնի, քամի...
Թվում է՝ ծերացել եմ, բայց դա վաղուց էր, այժմ միայն հիշում եմ, հուշերս այն տարիներն են, որոնցում ապրում եմ:
Կայծակում է, իսկ ես դեռ արտասվում եմ կորած իմ դողերից, մոռացված քամու մի փետուրից, մուրացող իմ ստվերից...
Ինձ ասա, քամի, թելադրիր, խելագարիս քիչ տաքությունդ տուր, փոքր քեզ մոտ թող, միայնությունս կիսիր, այն վեր է ինձանից...
Թե կարող ես, օգնիր թրջված դատարկությունս անզգայացնել, թե կարող ես, դուրս պրծիր հոգուս ամենաթանկ եզրներից, թե պետք եմ քեզ, տար ինձ՝ թողնելով երգերս, քամի, դողացող էությունս, մթագնած երազներս, քամի, թույլ տուր ճանաչել քեզ, հարազատ քամի, հավերժության քամի, թե ուզում ես, համբուրիր անսեր շուրթերս, թե մենակ ես, այրիր իմ ու քո վայրկյանները, քամի, մի թող ինձ, առանց քեզ, գլորվելու եմ քամի, ճախրում եմ, թվում է՝ մատներս դիպչում են ամպի թևերին, անցնում դրանց վրայով, շոյում` սահեցնելով ժպիտ կիսաթաց աչքերիս, ծանր հառաչանքիս, քամի..
Գրկել ես անձրևին ու մռայլում ես սիրահարված իմ խենթությունը, դու տրվել ես քաոսին՝ տանելով քեզ հետ իմ նրբությունը, քամի, իմ մոխրագույն, գորշ քամի...
Երգիր քամի, երգդ սուր է, հոգիս այն ապրում է, տարածվիր, մի ջարդիր առանց քեզ էլ ճաքճքված քո ելևէջները, նվիրիր ինձ քո ներկայությունը, քամի, գրկիր ինձ, ես էլ քո մի մասն եմ վաղուց... Ես էլ դու եմ, քամի, մի դանդաղիր... Մի արտասվիր... Ես տրվում եմ վեհությանդ առանց փշուրների...
Առնելա Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել