Մայիսի 20-ին Երևանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանի մոտ և առաջարկեց իր օգնությունը` Մայր Աթոռը Սևանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել՝ ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:

Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գևորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչև Երևան, Արագածից մինչև Սևան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչև մայիսի 29-ը:
451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար: Բայց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով, ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադևոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:
Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին և Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պողոսբեկ Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը (հիմնականում կազմված ղարաբաղցիներից) և կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը` 10 թնդանոթով: Երկու եկեղեցականներն օրհնեցին զինվորներին և, հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին, զորամասը վերանվանեցին Մահապարտների գունդ: Ապա խաչերը բարձր պահած` նրանք զորքն առաջնորդեցին դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել